ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լրավճարով հետաձգված թանկացում
21:00 15.01.2020

Լրավճարով հետաձգված թանկացում

«Երկու կանգառ գնալու համար 50 դրամ էի տալիս, հիմա էլ պիտի ավելի տամ, էդ ո՞վ է որոշել․ դժգոհ եմ՝ երկու կոպեկ թոշակ են ավելացրել, միանգամից երթուղայինի ուղեվարձը բարձրացրել, էլ չասեմ, որ մյուս բաներն են թանկացրել», - ասաց Ռոզա Զախարյանը՝ հավելելով, որ սրանից հետո երթուղայինից չի օգտվելու։

2020 թվականի հունվարի 1-ից Կապանում բարձրացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը․ նախկին 50 դրամի փոխարեն N 6, 8 երթուղիների սպասարկումը իրականացվում է 70 դրամով, իսկ N  1-ինը՝ 100-ով, ինչն էլ տարբեր քննարկումների առիթ է դարձել։

Քաղաքացի Ժենյա Պատվականյանը, քանի որ մշտապես օգտվում է երթուղայինից, դժգոհել դժվարանում է․ «20 դրամը խնդիր չէ, առանձնապես բան չի փոխում։ Առհասարակ թանկացումներին լավ չեմ վերաբերվում, լուռ համակերպվել եմ, միևնույն է, եթե թանկացրել են, ուրեմն այլ կերպ հնարավոր չէ»։

Երեք տարի՝ քաղաքացիների փոխարեն

Ուղեվարձի փոփոխությունը թանկացում չէ, վերոնշյալ սակագինը դեռևս 2016 թվականին էր սահմանել  մրցույթում շահած «Լավ ընկեր» ՍՊ ընկերությունը։ Այս տարիների ընթացքում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը»  2017թ․ սկզբից հանձն առավ  Կապան քաղաքի  հասարակական տրանսպորտի գործունեության սուբսիդավորումը։ Որոշումը կայացվել էր քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով․ «Խոսքը 50 դրամից 70 դրամի անցնելու մասին է, գումարը կազմում էր ամսական շուրջ 2 մլն դրամ, դրանից բացի՝ վարորդներին տրվում էր նաև շուրջ 1200 լիտր դիզվառելիք, և մոտավոր հաշվարկով 40 մլն  դրամից ավելի գումար, որը պետք է վճարեր Կապանի քաղաքացին, տալիս էր ներդրման հիմնադրամը», - ասաց 2016-2018 թվականներին Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։  

«Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թադևոսյանը  ընդգծեց՝  ֆինանսական հնարավորության դեպքում կարելի է հարցին կրկին անդրադառնալ․ «2018թ․ կեսերից  դադարեցվել է ծրագիրը, կարծում եմ, դա պայմանավորված է եղել հիմնադրամի ֆինանսական միջոցների սակավությամբ։ Այս պահի դրությամբ հիմնադրամը նույնպես միջոցներ չունի, բայց դրանց առկայության դեպքում կարելի է հարցը բարձրացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում», - նշեց Կարեն Թադևոսյանը։

Սուբսիդավորումը շարունակում էր Կապանի համայնքապետարանը՝ ամսական վճարելով 3-ից 3,5 մլն դրամ։ Սակայն համայնքապետարանը որոշում կայացրեց 2020 թվականից դադարեցնել և խնայված միջոցները ուղղել սոցիալական այլ խնդիրների լուծմանը․ «Միջին հաշվով տարեկան սուբսիդավորումը կազմում էր 45 մլն դրամ, դա փոքր գումար չէ և կարելի է ուղղել ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, վերելակների, տանիքների նորոգմանը։ Կարճ ասած՝ խնդիրներ, որոնք ավելի շատ համայնքային նշանակության են։ Համայնքապետարանը  այս պահին նպատակահարմար է համարում անդրադառնալ նման խնդիրների», - նշեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը։ 

Գործող սակագինը փոխվելու է

«Լավ ընկեր» ընկերության տնօրեն Վահե Համբարձումյանը ուղեվարձի փոփոխությունը թանկացում չի համարում․ «Առաջիկայում տեղի է ունենալու մրցույթ, և եթե ցանկացողներ կան մասնակցելու, ապա դաշտը ազատ է, թող մասնակցեն, իրենց գինը առաջարկեն և շահեն․ ձեռքներից ո՞վ է բռնել։ 10 տարվա մեջ ամեն ինչը մի քանի անգամ թանկացել է, տրանսպորտի գինը մնացել է նույնը։ Տրանսպորտային ձեռնարկությունն էլ պետք է մի քիչ զարգանա, զարգացման ֆոնդ ունենա։ Թող մրցութային կարգի մասին մանրամասներ իմանան մարդիկ։ Շահագործման տարիքային սահմանափակումներ կան մեքենաների համար, ձեռք են բերվում նորերը։ Թե օգուտով, թե վնասով ընկերությունը աշխատել է, հիմա այդ մասին խոսելը էական չէ։ Ինքնարժեքի մասին խոսել չեմ ուզում,  սահմանված ժամկետ ունեմ, այս սակագնով էլ սպասարկելու եմ։ Էդ բողոքողներին էլ ասեք՝  շնորհակալություն հայտնել սովորեն, որ տարիներ շարունակ իրենց տեղը 20 դրամը տվել են»։

Համայնքի ղեկավարի տեղակալը նշեց․ մարտին հայտարարվելիք  մրցույթից հետո ավտոբուսային երթուղիների փոփոխություն կլինի N 9-ում և 10-ում․ «Վերլուծությունները թույլ են տալիս ենթադրել, որ արդեն իսկ 2020 թվականից գործող սակագինը շահութաբեր չէ՝ բիզնես նկատառումից ելնելով, քանի որ, եթե համեմատելու լինենք,  2016 թվականից միջին հաշվով ավելի քան 30 տոկոսով թանկացել է դիզվառելիքը, մոտ 10 տոկոսի չափով թանկացել է ավտոլիցքավորման համար օգտագործվող գազը։ Չի բացառվում, որ առաջիկա մրցույթից հետո սահմանվի նոր սակագին», - զրույցը եզրափակեց  Դավիթ Հայրապետյանը։ 

Մենք էլ չենք բացառում, որ մարտին կայանալիք մրցույթից հետո ուղևորները դժգոհության նոր ալիք բարձրացնեն, երբ  ստիպված լինեն այսօրվա 70-ի փոխարեն վճարել, ասենք, 100 դրամ։ 

Նարե Խաչատրյան

21:00 15.01.2020

Ամենաշատ ընթերցվածները