ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երեխաներ ունենալը խրախուսվում է
16:00 17.01.2020

Երեխաներ ունենալը խրախուսվում է

Մեր երկրի վերջին տարիների ժողովրդագրական տվյալները փաստում են, որ բնակչության թիվը դանդաղ, բայց նվազում է։ Այդ խնդրի լուծմանը ընթացք տալու համար անցած տարվա սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստ, որի ընթացքում հավանության են արժանացել հատկապես ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրերը։ Դրանցից երկուսը կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ ընդունվել են: Այդպիսով՝ այս տարվա հուլիսի 1-ից 6 անգամ կաճի առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազարից դառնալով 300 հզ. դրամ, իսկ երկրորդ երեխայի դեպքում կաճի 2 անգամ՝ դառնալով 300 հզ. դրամ: Կավելանա նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 18 հզ. դրամից դառնալով 26500 դրամ. այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում մեզ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը: 

«‎Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մի սայլ է, որը դժվար է միանգամից տեղից շարժելը, սա կարելի է համարել գործի սկիզբը», - ասաց տիկին Գալստյանը: 

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ նախաձեռնությունը ողջունելի է, բայց փոքր-ինչ ուշացած: «Ժամանակակից կանայք այսօր առավել, քան երբևէ, ձգտում են պահպանել իրենց տեղն ու դիրքը հասարակության մեջ, աշխատանքի վայրում և սոցիալական ակտիվությամբ չզիջել տղամարդուն: Միջազգային փորձը ցույց է տվել, որ եթե նույնիսկ երեխա ունենալու համար 1000 դոլար աջակցություն առաջարկեն, միևնույն է, եթե կինը դա չի ցանկանում, չի ունենալու»: Մասնագետը կարծում է, որ իրավիճակը կարող է փոխել միայն սոցիալական ոլորտի բարելավումը, այսինքն՝ մանկապարտեզների, երեխաների խնամքով զբաղվող կենտրոնների և դպրոցների հիմնումը: Որպեսզի կինը երեխայի 6 ամսականը կամ գոնե 1 տարեկանը լրանալուն պես կարողանա զավակին վստահել այդ կառույցներին և զգա, որ երկրորդ, երրորդ երեխան բեռ չէ:

Որքան ազդեցիկ կլինեն որոշումները ժողովրդագրությունը բարելավելու գործում, ցույց կտա մոտ ապագան, քանի որ կառավարությունը նպատակ ունի մինչև 2021 թվականը ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ցանկանա ունենալ նվազագույնը երեք երեխա:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված այս երկու ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ 700 մլն դրամ: 

Անի Գրիգորյան

16:00 17.01.2020

Ամենաշատ ընթերցվածները