ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռ․Բրեդբերի․ «Մի սիրո պատմություն»
16:00 19.01.2020

Ռ․Բրեդբերի․ «Մի սիրո պատմություն»

Ռեյ Բրեդբերին ավելի շատ հայտնի է որպես ֆանտաստ գրող։ Բայց ընթերցողը, անկասկած, շատ բան կկորցնի, եթե անտեսի ամերիկացի գրողի այն պատմվածքները, որոնք որևէ առնչություն չունեն այդ ժանրի հետ։ Դրանք մաքուր ու ջերմ պատմություններ են՝ նախ և առաջ  հասցեագրված պատանիներին։ Գեղեցիկի ու կատարյալի որոնում․ առաջին հերթին սա է բնորոշ «Մի սիրո պատմություն» գրվածքին։

Կնոջ գեղեցկությունը պատկերելու միջոցներ շատ կան։ Կարելի է նկարագրել աչքերի կամ մազերի գույնը, դեմքի արտահայտությունը կամ ձայնի հնչերանգը։ Համաշխարհային գրականության մեջ նման նկարագրություններ՝ ինչքան ուզեք։ Ժամանակին Հոմերոսը գնացել է այլ ճանապարհով։ Երբ տրոյացի ծերունիները առաջին անգամ տեսնում են Հեղինեին, ոտքի են կանգնում։ Գեղեցկությունն է նրանց ոտքի կանգնեցնում։ Հոմերոսը որևէ նկարագրությամբ չի փորձում խանգարել ընթերցողի երևակայությանը։

Բրեդբերին նույնպես չխանգարելու կողմնակիցն է․ հենց այդպես էլ պատկերում է օրերից մի օր Կանաչ Քաղաքում հայտնված ուսուցչուհու գեղեցկությունը․ «Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց համար բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել։ Այն կանանցից, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես․․․»։

Սրանով չի բավարարվում հեղինակը, դիմում է, ինչպես ինքն է ասում, հակադիր համեմատությունների․ «Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ հունիսյան առավոտ տապին»։ Նրան հանդիպելիս հենց այդ հակադրություններն են մարդկանց ստիպում մտածել․ «․․․ Այդպիսի օրը ճիշտ կլիներ օրացույցում Անն Թեյլորի անունով կոչել»։

Ուսուցչուհուց ասես լույս էր հորդում։ Այդ լույսը լցվում է նաև դասասենյակը, որտեղ Բոբ Ափոլդինգը ուսուցչուհուն կես ժամ լսելուց հետո ակամա ցած է դնում իր սարքած թղթե գնդիկը։ Դասերից հետո Բոբը մի դույլ ջուր ու ջնջոց առած՝ սկսեց լվանալ գրատախտակը։ Ամեն օր ոչ միայն լվանում էր գրատախտակը, այլև ուղեկցում ուսուցչուհուն, իսկ ճանապարհին Դիքենսից, Քիփլինգից և ուրիշ գրողներից խոսում։

Բայց մի օր Բոբը որքան էլ սպասեց, ուսուցչուհին այդպես էլ չեկավ։ Հետո պարզվեց, որ տնից շուտ էր դուրս եկել, աշխատանքից էլ շուտ էր գնացել։ Դժվարին զրույց էր, որ նախաձեռնել էր Անն Թեյլորը։ Նախ հիշեցրեց տարիքային տարբերությունը՝ քսանչորս և տասնչորս։ Հետո զրույցն այնպես շարունակեց, որ չվիրավորի Բոբին․ իրենք աշխարհի ամենալավ ընկերներն են, նրա պես աշակերտ դեռ չի ունեցել և ոչ մի  տղայի այդպես չի համակրել։ Բայց զբոսանքները չպետք է շարունակվեն։ Չնայած տղան դժգոհում է, թե ինչու պետք է այդ ամենի պատճառը տարիքը լինի, ուսուցչուհին չի կորցնում շրջահայացությունը․ «Գուցե մի օր, Բո՛բ, մարդիկ սովորեն մտքի տարիքն այնպես ճշգրիտ հաշվարկել, որ կարողանան ասել․ «Այս մարդու մարմինն ընդամենը տասներեք տարեկան է, բայց ինքն արդեն տղամարդ է․ պատասխանատվությունը, դիրքն ու պարտավորությունները գիտակցում է»։ Բայց քանի դեռ չեն սովորել, Բո՛բ, վախենամ՝ սովորական աշխարհում սովորականի պես պիտի շարունակենք տարիքով ու հասակով դատել»։

Հաջորդ շաբաթ Բոբի ընտանիքը մեկնեց․ հայրն ուրիշ քաղաքում էր աշխատանք գտել։ Տասնվեց տարի Բոբը չեկավ Կանաչ Քաղաք։ Արդեն ամուսնացել էր։ Մի օր էլ մեքենայով կնոջ հետ Չիկագո գնալիս որոշեց կանգ առնել։ Քաղաքի բնակիչներից միայն մեկը հիշեց «սիրունիկ ուսուցչուհուն»․ այդպես էլ չէր ամուսնացել, մահացել էր տղայի մեկնելուց որոշ ժամանակ հետո։ Բոբը գերեզմանոց գնաց ու գտավ շիրիմը։

Իսկ երեկոյան քաղաքի մարդիկ տեսան Բոբ Ափոլդինգի կնոջը ամուսնու հետ հանդիպման գնալիս։ Նրանք շրջվում էին, որ նայեն․ «Եվ բոլորը մտածեցին, որ այդպիսի օրը ճիշտ կլիներ օրացույցում Բոբ Ափոլդինգի անունով կոչել»։

Բրեդբերիի գրվածքներում հերոսը հաճախ է վերադառնում դեպի իր մանկությունը։ Վերադառնում է ոչ թե անցյալի մեջ փակվելու, այլ խաղաղ, ներդաշնակ ներկայով ապրելու համար։ Այս պատմվածքում էլ մանկությունն է օգնում Բոբին մշտապես զգալու գեղեցիկի ու կատարյալի ներկայությունը։

Արթուր Իսրայելյան   

16:00 19.01.2020

Ամենաշատ ընթերցվածները