ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խոնարհված գյուղի անավարտ էջը․․․
15:00 09.02.2020

Խոնարհված գյուղի անավարտ էջը․․․

Աշնանային  խոնավ ու արդեն ցուրտ առավոտ էր: Արփին, ծուլորեն ամպերի արանքից հանելով գլուխը,  ժպտալով ողջունում էր մեզ՝ խոստանալով ուղեկիցը լինել ճանապարհորդ մեր խմբին: Մեկնում ենք քաջարանամերձ հյուսիսակողմ լեռնալանջերը, այնտեղից ասես ափիդ մեջ են հանքագործների ոստան Քաջարանը, աղմուկով ներքև շտապող Ողջին և ամպահալած Կապուտջիղը:

Հաղթահարելով զառիկող լեռնալանջը հատող հողածածկ ճանապարհի՝ միմյանց հաջորդող շրջադարձերը՝ փորձառու ավտովարորդ Արմենի ամենագնացը, մեզ ավելի ու ավելի վեր տանելով,  մոտեցնում  է  նպատակակետին: Ճանապարհն անցանելի է, տեղ-տեղ միայն անձրևաջրերից երկար, ոչ խոր փոսեր են գոյացել, ճամփեզրերին էլ խոշոր, հասունացած  պտուղներով ծանրաբեռնված մասրենիներն ու երկնքում սավառնող երիտասարդ արծիվներն են զարմացած հետևում այս տեղերում հազվադեպ հանդիպող մեքենայի ընթացքին։

«Քիչ հետո կհասնենք հինավուրց, շուրջ վեց տասնամյակ առաջ լքված մի բնակավայր՝  Հին Լեռնաձոր, ավելի վաղ Քրդիկանց էր կոչվում, - հայացքը չհեռացնելով առջևում նշմարվող նոր ոլորապտույտից՝ ասաց վարորդը ու շարունակեց, - կարծում եմ՝ ձեզ շատ կհետաքրքրի...»։

Շուտով ուրվագծվեց երբեմնի գյուղատեղին՝ անմիջապես երկակի զգացողություն առաջացնելով․ մի կողմից լքված, ավերակված գյուղ, կիսաքանդ շինություններ, հին գերեզմանատեղի, մյուս կողմից՝  կենտրոնում՝ բարձունքի վրա,  վեհորեն բազմած, կանգուն եկեղեցի, որի պատերի լուռ, երբեմն աղաղակող հայացքի ներքո էլ անցել է բնակավայրի  դարավոր պատմությունը, որի ընթացքում ապրել են, արարել, պայքարել բազմաթիվ սերունդներ։

Ի զարմանս մեզ, եկեղեցու բակում մարդիկ կային․ լեռնաձորցի երիտասարդներ, ովքեր մշտապես այցելում են ապուպապերի շիրիմներին, եկեղեցում մոմ վառում, մաքրում շրջակայքը։

«Տոնական օրերին խոնարհված գյուղը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, - ասում է նրանցից Արթուրը, - նախնիների կանչով այստեղ են գալիս շատերը, ուրախ ենք՝ մեր գյուղի մոռացվող պատմությունը վերհանելու ձեր մտադրության համար․․․ Այսօր քչերը կհասնեն այստեղ»։

Վերին ձորի բազմադարյա պատմության մեջ կարևոր է եղել նաև Քրդիկանցի դերը, որի մասին կան բազմաթիվ վկայություններ։ Դրանցից արժեքավոր են պրոֆեսոր Թադևոս Հակոբյանի (ծագումով Քրդիկանցից) հետազոտությունները։ Ըստ դրանց՝ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 18-րդ դարի առաջին կեսին՝ մոտ 1740-ական թվականներին։ Կանգուն է, լավ պահպանված, եռանավ բազիլիկ է, խորաններով և թաքստոց ավանդատներով։ Կան մի շարք արձանագրություններ արևելահայաց պատին՝ երաժշտական գործիքների  քանդակներ։ Հոգևոր հովիվն էր տեր Պողոս քահանան, ով գաղթել է Տրապիզոնից Նախիջևան, ապա Գեղվաձոր՝ Աջաբաջ։ Թաղվել է եկեղեցու բակում։ 1933 թվականին գյուղի կոմսոմոլները հանեցին նրա տապանաքարը։ Պահպանվել է եկեղեցու վերջին չափաբերական մատյանը, կնիքը՝ դրոշմի վրա՝ Քրդիկանց։

Ըստ ավանդազրույցի՝ անվանումը հղվում է Քրդիկ իշխանին, ում պատկանում էր այն և ծառայում որպես ամառանոց։ Հայտնի պատմիչ Ղևոնդ Ալիշանը կոչել է Քրդիկանց, Քուրդիքենդ, Տէլուլէր անվանումներով։ Գյուղը շրջակա աշխարհի հետ կապվում էր հինգ ճանապարհով։ Մերձակա բնակավայրերն էին Վերին Հանդը, Օխչին, Աթկիզը, Փխրուտը, Փիրմազրան․․․

Ըստ աշխարհագրի՝ 1831-ին ուներ 53, 1886-ին՝ 442, 1897-ին՝ 357, 1939-ին՝ 411, իսկ 1959-ին՝ 386 բնակիչ։

Բանահավաք, ուսուցչապետ Ռոբերտ Էջանանցու վկայությամբ բնակչության մի մասի նախնիները գաղթել են Ղարադաղից, Գողթանից, Սաղանջուղից․․․

1932-ին գյուղից 15 ընտանիք տեղափոխվել է շրջանի Տանձավեր գյուղ, իսկ մի քանի ընտանիք՝ Ծավ։ Ունի մեծաթիվ սփյուռք, որն այսօր էլ մի քանի անգամ գերազանցում է գյուղի բնակչությանը։

Քրդիկանցի մասին հետաքրքիր հուշեր է թողել երկարամյա մանկավարժ, Լեռնաձորի ութամյա դպրոցի  տնօրեն Շմավոն Գևորգյանը․

«Գյուղը թառել էր Ողջի գետի ձախափնյակից մոտ երկու կիլոմետր դեպի հյուսիս։ Գյուղատեղին զառիկող էր, քարքարոտ, բուսականությունից համարյա զուրկ։ Ասում են՝  նախկինում այն պատված էր անտառով ու կանաչով, սակայն մարդու գործունեության հետևանքով (նոր հողերի հերկում, անտառահատում, անասունների գլխաքանակի ավելացում, հեղեղատների առաջացում) այն աստիճանաբար վերածվել էր ծառազուրկ մի տարածքի, իսկ հեղեղը գյուղի ձախ կողմում առաջացրել էր խոր ձորակ, որտեղով հոսող գետակից  ջուր էինք վերցնում կենցաղի համար, նաև ոռոգում Խաչինայի՝  ներքևում գտնվող վարելահողերը։

Առաքինի էր քրդիկանցցին, աշխատասեր, մարդամոտ ու հյուրասեր։ Երեխաներիս համար խաղատեղի էր այսպես կոչված Կաֆու քարը, որը մի յուրահատուկ «սրբավայր» էր։ Գյուղը մի քանի անգամ շենացել և ավերակվել է, վերջին անգամ շեն մնաց շուրջ 200 տարի։ Ըստ ավանդազրույցի` 1800-ականների սկզբին այստեղ բնակություն է հաստատել 7 ընտանիք, հիմք դրել 7 գերդաստանի՝ Ումար, Շահրիր, Զալի, Աթջի, Սանթուր, Ծիտ, Դերից։

1920-ական թվականների կեսերից վերանվանվեց Լեռնաձոր»։

Ձեռքի տակ է 1922թ. ապրիլի 10-ի գյուղի՝ 85 ծխից բաղկացած համայնքի ներկայացուցիչների ժողովի արձանագրությունը, որտեղ քննարկված բազմաթիվ հարցերի հետ խոսվում է նաև գյուղի հողային նոր սահմանների մասին։ Համաձայն դրա՝ Քրդիկանցին բաժին հասան Օխչու մի մասի, Փիրդոուդանի, Արալղի և Գիլլանի որոշ հողատարածքներ։

1930թ․ կազմակերպվեց «Կարմիր աշխատավոր» կոլտնտեսությունը, որն ուներ անասնապահական և դաշտավարական ուղղվածություն։ Այն առաջավորի համարում ուներ Ղափանի շրջանում։ Հաճախակի էր սոցմրցության մեջ մտնում հարևանների հետ։

Քաջարանց գյուղի Բուդյոննու անվան կոլտնտեսության վարչության նախագահ Հմայակ Պետրոսյանի խոսքով՝ իրենք, սոցմրցության մեջ մտնելով Լեռնաձորի կոլխոզի հետ, մի շարք պարտավորությունների թվում խոստացել էին հացահատիկային կուլտուրաների ցանքը ավարտել մայիսի 5-ին։ Բայց շնորհիվ դաշտային աշխատանքների հաջող կազմակերպման ու կոլխոզնիկների եռանդուն աշխատանքի՝ 150 հա հացահատիկային կուլտուրաների ցանքի պլանը կատարվել է մայիսի 4-ին։

Դաշտավարական N0 2 բրիգադի մաճկալներ Շմավոն Գևորգյանը, Գարեգին Համբարձումյանը ցանքի սկսման առաջին օրից մինչև նրա ավարտը ամեն օր 30 տոկոսով գերակատարում էին իրենց առաջադրանքը։ Դաշտավարական N0 1 բրիգադի մաճկալներ Մուշեղ Գալստյանը, Սարգիս Պապյանը, Բարխուդար Հարությունյանը իրենց ամրացված հողամասերում  կատարել են որակյալ ցանք և դրանով իսկ նախապայմաններ ստեղծել հացահատիկի բերքատվությունը բարձրացնելու համար։ Այժմ 2 բրիգադների  աշխատավորները լծված են կարտոֆիլի և մյուս կուլտուրաների ցանքի նախապատրաստման աշխատանքներին։ Կոլխոզնիկները, լսելով Բեռլինի գրավման լուրը, որոշել են էլ ավելի լավ աշխատել և այս տարի աճեցնել հաղթանակի բերք։

«Մի քանի տարի առաջ մեր կաթնապրանքային ֆերմայում խիստ ցածր էր անասունների մթերատվությունը, - «Պղնձի համար» շրջանային թերթում 1955թ․ գրում է կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի վարիչ Լևոն Համբարձումյանը», - յուրաքանչյուր ֆուրաժային կովի տարեկան կաթնատվությունը կազմում էր 400-500 լիտր։ Նման վիճակը շատ էր անհանգստացնում մեզ։ Դրա համար կոլտնտեսության վարչությունը և սկզբնական պարտիական կազմակերպությունը ձեռնարկեցին մի շարք կոնկրետ միջոցառումներ, որը տվեց իր արդյունքը։

«Ցեղի բարելավման, անասունների խնամքն ու պահպանումը լավ կազմակերպելու և զոոտեխնիկական կանոնները ճշտորեն կիրառելու շնորհիվ տարեցտարի բարձրացավ անասունների մթերատվությունը։ Օրինակ՝ յուրաքանչյուր ֆուրաժային կովից 1952-ին ստացանք 500 լիտր կաթ, 1953-ին՝ 731 լիտր, 1954-ին՝ 917 լիտր, պլանով նախատեսված 800 լիտրի դիմաց։ Կաթնատվության պլանային առաջադրանքը գերակատարվեց նաև 1954թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին»։

Հետկեսօր էր, մի պահ մտովի փորձում ես դուրս գալ Քրդիկանցի մասին հուշերի հորձանուտից, շատ ուշադիր դիտել շրջակայքը, հեռու-հեռու լեռնագագաթները, վայելել հայրենի եզերքի այս հրաշք անկյունը, որտեղ ամպերին վերևից են նայում։

Արդեն Քրդիկանց, իսկ այնտեղից Քաջարան մեկնելու ժամանակն է։ Զգուշորեն հերթական շրջադարձն անցնող մեքենայից սկսում է երևալ Սբ․ Աստվածածինը։ Երիտասարդները դեռ այնտեղ էին։

«Մտահոգիչ է եկեղեցու տանիքի անմխիթար վիճակը, - ասում են, -  եթե այն հիմնանորոգվի,  չի վտանգվի հին գյուղի միակ կանգուն վկայի գոյությունը, և չի փակվի Քրդիկանցի պատմության վերջին էջը»։

Հայկ Թադևոսյան

 

15:00 09.02.2020

Ամենաշատ ընթերցվածները