ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ԶՊՄԿ-ն պատվով է կատարում պարտավորությունները
19:00 13.02.2020

ԶՊՄԿ-ն պատվով է կատարում պարտավորությունները

Ավելի քան երկու շաբաթ է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իրականացնում է Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ։ Կատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ ձեռնարկությունը վերացնում է դեռեւս 2019-ի հոկտեմբերի 17-ին պոչատար խողովակի երկրորդ դյուկերային անցման տեղամասում տեղի ունեցած վթարի հետեւանքները։

«ԶՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանն ասում է. «Ուսումնասիրելով գետի հունը՝ Գիրաթաղ գյուղից մինչեւ Կապանում կառուցվող օդանավակայանը, հայտնաբերվել են պոչանքի հետքեր երեք հատվածում։ Առաջինը Գիրաթաղ գետակն է, որը խառնվում է վթարի հատվածից ոչ շատ հեռու, երկրորդը՝ սկզբնաղբյուրից մոտ 500մ ցածր էր գտնվում։ Երրորդը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ներքեւի հատվածն է, որտեղ պոչանքը հասել է հէկերի միջոցով, միջանկյալ հատվածը մաքուր է մնացել, պոչանքը վթարի օրը հունը շրջանցել է հենց հէկի խողովակաշարով»։ Ընկերությունը չի բավարարվում միայն վթարի հետքերի վերացմամբ. Ողջին մաքրվում է նաեւ կենցաղային աղբից, զանազան բերվածքներից։ «Վթարի հետեւանքները վերացնելուն զուգահեռ Կապանի համայնքապետի դիմումի համաձայն՝ իրականացվում են գետի մաքրման շատ ավելի լայնածավալ աշխատանքներ։ Մինչեւ մարտի չորսն է մեզ ժամկետ տրված։ Պլանավորում ենք նույնիսկ շուտ ավարտել», - պատմում է Ս. Ալեքսանյանը։

Իր հերթին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ասում է. «Գարնանային վարարումների ժամանակ հատկապես վերեւի հատվածներից աղբը գալիս լցվում է այս հատվածները, գոյանում են կղզյակներ։ Արտադրական վթարից հետո բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հանձնարարական տրվեց ԶՊՄԿ- ին՝ Ողջի գետը մաքրել արտադրական պոչանքներից։ Ես զուգահեռաբար դիմեցի ԶՊՄԿ- ի տնօրենությանը՝ խնդրանքով, որ դրա հետ համատեղ նաեւ տասնամյակներով կուտակված աղբից, աղբակույտերից մաքրվի Ողջի գետի հունը։ Շնորհակալ ենք ԶՊՄԿ-ի տնօրենությանը մեզ ընդառաջելու համար»։

«Ո՞ւր են տեղափոխվում պոչանքներն ու աղբը», հարցին ի պատասխան կայուն զարգացման գծով տնօրենն ասում է. «Պոչանքներով աղտոտված հատվածներից դուրս բերվածը հատուկ մեքենաներով տեղափոխվում է պոչամբար, իսկ կենցաղային աղբը եւ այլ բերվածքներ տեղափոխվում են Կապանի աղբավայր»։

Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ ԶՊՄԿ-ի որդեգրած քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից է համայնքների զարգացումը, ինչի համար կոմբինատն անում է հնարավոր ամեն բան։ Սամվել Ալեքսանյանը խոսեց նաեւ նախատեսվելիք ծրագրերի մասին։ «Մոտ օրերս մենք ներկայացնելու ենք ՇՄԱԳ փորձաքննության մի մեծ ծրագիր, որի շրջանակում սերտ եւ արդյունավետ համագործակցում ենք Կապանի համայնքապետարանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Շրջակա միջավայրի նախարարության հետ։ Դա անտառապատման ու անտառվերականգնման ծրագիր է, որի շրջանակում Կապանում 70 հա անտառապատում է իրականացվելու, իհարկե, փորձաքննության դրական եզրակացության դեպքում»։

Զուգահեռաբար նմանատիպ ծրագրեր կիրականացվեն նաեւ Քաջարանում։

Անուշ Միրզոյան

19:00 13.02.2020

Ամենաշատ ընթերցվածները