ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դրամաշնորհներ գործարարների համար
16:00 14.02.2020

Դրամաշնորհներ գործարարների համար

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը։ Դրամաշնորհի ընդհանուր արժեքը 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար է։ Գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման համար սահմանված է նվազագույն եւ առավելագույն շեմ՝ 30 մլն-ից մինչեւ 240 մլն դրամ, այլ ոլորտների համար (լոգիստիկ ծառայություններ, մոնիթորինգային ռազմավարություն, սառնարանային տնտեսություն, պահեստներ, շուկայի ռազմավարություն եւ այլն )՝ 15 մլն դրամից մինչեւ 140 մլն դրամ։

Ծրագիրը ներկայացվեց հնարավոր շահառուներին

Փետրվարի 4-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ ներկայացվեցին «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաեւ ծրագրին առնչվող տեղեկատվություն: Ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ եւ այլն) փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների հզորացման նպատակով՝ խթանելով դրանց արտադրական, առեւտրի եւ արտահանման կարողությունները: Դրամաշնորհի 70 տոկոսը կտրամադրի Համաշխարհային բանկը, իսկ 30 տոկոսը համաֆինանսավորելու է գործարարը։

Խթանում է բիզնեսի զարգացումը

«Սոնատեքս» ԲԲԸ մենեջեր Մարի Հակոբյանի խոսքով՝ նախաձեռնությունը ողջունելի է հանրապետության եւ հատկապես մարզի համար. «Մայրաքաղաքից հեռու լինելու պատճառով միշտ էլ խնդիրներ ունենում ենք։ Դրա համար հաճելի է, որ մասնակցենք եւ ավելի ճանաչելի դառնանք, երկրի սահմաններից դուրս գանք եւ արտահանման ծավալները մեծացնենք, ինչու չէ, տեղական արտադրանքին ավելի զարկ տանք։

Շահելու դեպքում պետք է նոր տեխնոլոգիաներ ներդրվեն, ժամանակակից սարքավորումներ ձեռք բերվեն, որպեսզի գործը ավելի արագանա եւ որակյալ լինի, չնայած նրան, որ որակի խնդիր հիմա էլ չունենք», - ասում է մենեջեր Մարի Հակոբյանը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքում գտնվող «Դավթյան Ֆարմ» ընկերության համասեփականատեր Սամվել Դավթյանը, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ (գյուղատնտեսական մշակաբույսերի, պտղատու ծառերի, այգիների, տնկիների արտադրությամբ) կարեւորեց ծրագրի յուրաքանչյուր կետ, հատկապես ծրագրի կատարման ժամանակի հստակությունը. «Ներկա դրությամբ մեր ընկերությունում աշխատողների քանակը մոտ 15 հոգի է, ընդհանուր շահառուների քանակը՝ 30, բայց առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում աշխատողների քանակը կհասցնենք 30-ի, իսկ շահառուներինը՝ 50-ի, այսինքն՝ ծրագրի շնորհիվ նոր աշխատատեղեր կբացվեն»։

Չորս արտասահմանյան երկրների հետ համագործակցող «Սյունիք ֆուդ» կազմակերպության փոխտնօրեն Սամվել Սարգսյանը դրամաշնորհին դիմելու է հումք գնելու նպատակով. «Դրամաշնորհը շահելու դեպքում մեր բեռը մի քիչ կթեթեւանա։ Հնարավորություն կունենանք ավելի մեծ ծավալներով արտադրանք տալ։ Մեր կազմակերպությունում այս պահին աշխատում է շուրջ 80 մարդ, բայց առաջիկայում կհասցնենք 130-ի»։

Որպես վերջաբան

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանի խոսքով՝ դրամաշնորհի հիմնական ուղղությունը համատեղ ռեսուրսների կենտրոնների զարգացման միջոցով արտահանում ապահովելն է։ Նա նշեց. եթե իրավաբանական անձը նպատակային չօգտագործի տրամադրված դրամաշնորհային գումարը, ապա կենթարկվի համապատասխան տույժ-տուգանքների, ինչպես նաեւ կլինի գումարի վերադարձ։ Դրամաշնորհը պիտի ծառայի բիզնես պլանին։

Տիգրան Ղուկասյան

16:00 14.02.2020

Ամենաշատ ընթերցվածները