ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես ՊՆ թերացում, և որևէ ձևով ներելի չէ. Բալայան
17:00 28.02.2020

Բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես ՊՆ թերացում, և որևէ ձևով ներելի չէ. Բալայան

«Բանակում տեղի ունեցած պաշտոնանկությունները հաջորդական քայլերից մեկն էին, հիմա շատ ավելի ծավալուն աշխատանքներ են տարվում՝ խաղաղ պայմաններում մահերի դեպքերը կրճատելու ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնարարար Գաբրիել Բալայանը։

Վերջինիս խոսքով, մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես ՊՆ թերացում, և որևէ ձևով ներելի չէ։

«Մենք գործ ունենք կենդանի մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը, հնարավոր է ճակատագրեր խեղի։ Պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեպքում  կասկածյալի կարգավիճակից քաղաքացին կարող է հայտնվել զոհի կարգավիճակում»,- ասաց Բալայանը։

Ըստ Բալայանի, զինված ուժերի և ՊՆ-ի այն ծառայությունները, որոնք ապահովում են համակարգի բնականոն աշխատանքը, ինչ-որ տեղում սխալ են աշխատել, ինչն էլ հանգեցրել է նման հետևանքների. «Եթե կանոնակարգային բոլոր նորմերը պահպանվեին, այդ թվում զենքի օգագործման կանոնների կամ բարոյահոգեբանական վիճակի հետ կապված, ապա պարզ է, որ նման դեպքեր չէին լինի։ Մենք չենք հավատում, որ թերացում չի եղել, և պատահական է եղել մահվան դեպքը»։

Նա նշեց, որ 2020 թվականին խաղաղ պայաններում մահացած 13 տղաներից ոչ բոլորին է համարում զոհ, քանի որ դեպքերից մի քանիսը պաշտոնական տվյալներով մահեր են։

Այնուամենայնիվ, մահվան դեպքերից հետո պաշտոնանկություններ են եղել, քանի որ որոշ պաշտոնյաների ծառայությունը գնահատվել է անբավարար։ Այս դեպքում, ըստ Բալայանի, կանոնակարգային հարաբերություններին հետևելու համար կան  իրավակարգավորումներ, սակայն իրավակիրառության խնդիր կա։ 

Հարցին, թե արդյոք պաշտոնանկ եղած սպաները կապ ունեն գրանցված մահվան դեպքերի հետ, Բալայանը պատասխանեց՝ չեմ կարող ասել, քննությամբ կպարզվի՝ նրանք ուղիղ կապ ունեն այդ դեպքերի հետ, թե չէ։

Դիտարկմանը, որ բանակում վեճերի պատճառ հաճախ դառնում են բջջային հեռախոսները, և պատգամավորներից ոմանք պնդում են՝ պետք է արգելել սմարթֆոնների մուտքը զորամաս, Բալայանն արձագանքեց՝ սմարթֆոնների մուտքը բանակ հիմա էլ արգելված է։

«Ոչ միայն միջանձնային վեճերի պատճառով են արգելված սմարթֆոնները, այլ նաև  անձնակազմի անվտանգության ապահովման առումով։ Մենք հիմա խստացրել ենք, և վերջին օրերին բավականաչափ սմարթֆոններ են վերցվել զինծառայողներից և հանձնվել հարազատներին։ Սակայն լինում են դեպքեր, երբ հարազատին հանձնված հեռախոսը հաջորդ վայրկյանին հայտնվում է զինծառայողի մոտ։ Երկրոդ անգամ զինվորի մոտ սմարթֆոն հայտնաբերելուց հետո նրան տույժի են ենթարկում, և արդեն սկսում են զոհի կարգավիճակով ներկայացնել զինվորին,  բողոքներ հնչեցնել։ Վերջերս էլ, օրինակ, մի զինծառայողի մոտ 4 հատ հեռախոս է հայտնաբերվել»,- ասաց Բալայանը։

Հարցին՝ հնարավո՞ր է զորամասեր հեռախոսների մտցնելու ամբողջական արգելք մտցվի, Բալայանը պատասխանեց՝ այդ դեպքում կսկսեն հայտարարել, որ բանակում այնպիսի դեպքեր են կատարվում, որ  ՊՆ-ն փորձում է արգելել։

Պաշտպանության փոխնախարարն անդրադարձավ նաև Ամանորի նախաշեմին հրապարակված նկարներին, թե Արցախի զորամասերից մեկում հրամանատարը պատուհանից դուրս է նետել զինվորին ուղարկված ծանրոցը.«Ամանորից առաջ մի քանի անգամ զինվորների ծնողների հետ խոսելիս խնդրել ենք՝ ծանրոցում ոգելից խմիչք չդնել, չի կարելի։ Դուք պատկերացնում եք՝ ինչ կարող է լինել, երբ տաքարյուն երիտասարդները ալկոհոլ օգտագործեն մի միջավայրում, որտեղ կա զենք։ Զորամասի հրամանատարն էլ տույժի ենթարկվեց, քանի որ չէր կարողացել ձիգ պահել նյարդերը։ Նա կարող էր ամբողջ ուտելիքը չփչացնել, այլ միայն արգելվածը»։

Աղբյուր` Panorama.am

17:00 28.02.2020

Ամենաշատ ընթերցվածները