ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բելառուսը պատրաստ է Հայաստանին տրամադրել տնկիներ՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար
18:00 12.03.2020

Բելառուսը պատրաստ է Հայաստանին տրամադրել տնկիներ՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրի համար Բելառուսի կառավարությունը այդ քանակությամբ տնկի տրամադրելու պատրաստակամություն է հայտնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:

«Շուտով հանդիպելու եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, և, կարծում եմ, կքննարկենք այդ հարցը: 2019 թվականին 50 հազար ծառ ենք տնկել Հայաստանում և ստեղծել ենք հայ-բելառուսական Բարեկամության անտառ: Մենք պատրաստ ենք այդ քանակության ծառ ուղարկել Հայաստան»,- նշեց Բելառուսի անտառային տնտեսության նախարարը և հավելեց, որ Բարեկամության անտառի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 13-ին։

Դրոժժան հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում իրենք այդ հարցի շուրջ դրական արդյունքներ կունենան: Նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում երկրում անտառվերականգնման հարցին:

«Բելառուսի Հանրապետությունում անտառները կազմում են մոտ 40 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 11: Գովելի է այն հանգամանքը, որ ձեր երկիրն իր առջև խնդիր է դրել՝ մինչև 2050 թվականն ամենաքիչը կրկնապատկել այդ թիվը: Մեր ուժերի ներածին չափով այդ հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին, քանի որ մենք այդ ոլորտում մեծ փորձ ունենք», ասաց Դրոժժան:

2020 թվականին 10 մլն ծառ տնկելու ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Հայանտառի» կողմից անտառային հողերում առանձնացվել է 6 հազար հա տարածք: Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը անտառածածկը կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հա լրացուցիչ անտառի տնկում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 12.03.2020

Ամենաշատ ընթերցվածները