ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կոչումով՝ ուսուցիչ
17:00 16.03.2020

Կոչումով՝ ուսուցիչ

Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը, արվեստը սիրել` յուրաքանչյուր մարդ:
Ժուլիեն Գրյուն

Այցելելով Քաջարան քաղաքի կենտրոն՝ միանգամից աչքի է զարնվում քաղաքի մշակութային ամենակարևոր օջախներից մեկը՝ արվեստի դպրոցը։ Արդեն 25 տարի է, ինչ դպրոցի վոկալիստ, ուսմասվար Վարդիթեր Հարությունյանը ամեն օր տնից շտապում է դպրոց, որպեսզի ուսուցանի երեխաներին երգեցողության արվեստը։

Սովորել և ավարտել  է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալ բաժինը։ Երգի հանդեպ սերը դեռ մանկուց էր պարուրել ընկեր Հարությունյանին, հիշում է՝ մանուկ ժամանակ խոսափող էր սարքում թելից և համերգներ տալիս տանը։ Ամուսնացած է, ունի 3 զավակ։ Բազմաթիվ սերունդներ է կրթել,  հպարտությամբ հիշում է, որ շարունակաբար ստեղծագործական բուռն շրջան է ունեցել։

«Շատ աշակերտներ եմ ունեցել այդ 25 տարիների ընթացքում, երկու անգամ բեմադրել եմ «Ճուտիկ» օպերան, ինչպես նաև «Ինչպե՞ս է կատուն արհեստ սովորում» երաժշտական ներկայացումը (մյուզիքլ)։ Մեր դպրոցի աշակերտները մասնակցել են քաղաքային և մարզային, ինչպես նաև հանրապետական մեծ միջոցառումների. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, «Ոսկե տավիղ» մրցույթ-փառատոնին։ Լավ աշակերտներ շատ ունեմ և ունեցել եմ, որոնք թեպետ և չքայլեցին երգարվեստի ասպարեզով, բայց շատերը հիմա էլ երգում են» - ասում է Վարդիթեր Հարությունյանը։

Համեմատելով նախորդ և նոր սերունդներին՝ Հարությունյանն ասում է, որ  առաջ միգուցե ավելի լավ էր, զուտ այն առումով, որ երեխաների զբաղմունքը եղել են միայն դպրոցը, ուսումը, գիրք կարդալը, իսկ այսօր նրանց հետաքրքրությունների շրջանակը շատ ավելի ընդլայնված է, դպրոցի երեխաները մեկը մյուսից տաղանդավոր և շնորհքով են։ «Ցավոք սրտի, լավ վոկալ տվյալներով երեխաները իրենց ապագան տեսնում են այլ մասնագիտություններում, որի համար ես իսկապես ցավ եմ ապրում», - ասում է ընկեր Հարությունյանը։

Զրույցի ընթացքում հետաքրքրաշարժ պատմություն հիշեց․ «Մի տարի բեմադրեցի հիվանդ ճուտիկի օպերան, դերակատարը այդ օրը ջերմության մեջ էր, և երբ խաղաց, ակամայից հիվանդի կերպարի համար բնական խաղ ստացվեց (ծիծաղում է)», - ասում է Վարդիթեր Հարությունյանը։ Ազատ ժամանակ սիրում է ուսումնասիրել տարբեր ստեղծագործություններ, հետաքրքրվել համաշխարհային երաժշտությամբ։ Նա երկար տարիներ աշխատել է նաև Քաջարանի բակային ճամբարում որպես ավագ ջոկատավար, որտեղ էլ բազմաթիվ համաքաղաքային միջոցառումներ է իրականացրել։ Վոկալից զատ նաև զբաղվում է խմբավարությամբ։ Շուրջ 20 տարի ղեկավարել է դպրոցի երգչախումբը, այժմ էլ ղեկավարում է ուսուցիչների երգչախումբը։  Դպրոցի նախկին տնօրեններից Սուրեն Խաչատրյանի հետ կազմակերպել է երգի մրցույթ-փառատոն, նույնը նաև դպրոցի այժմյան տնօրեն Արմինե Թումանյանի հետ՝ Քաջարան քաղաքի 50-ամյակին նվիրված։

Բազմաթիվ երեխաների հետ է աշխատել Վարդիթեր Հարությունյանը, այսօր էլ գործունեությունը շարունակվում է։ Նոր մտքեր և ծրագրեր ունի ապագայի համար, նոր գաղափարներ է հաղորդում իր սիրելի աշակերտներին։ Ընտանիքում սիրված, հոգատար մայր է։ Առիթից օգտվելով՝ շնորհավորանքներ հղեց իգական սեռի ներկայացուցիչներին՝ կանանց միամսյակի կապակցությամբ, մաղթելով առողջություն, սեր և երջանկություն։ «Ուզում եմ, որ մեր դպրոցի աշակերտները մեծ բեմեր նվաճեն, հաղթանակներ ունենան և մեր քաղաքի, դպրոցի, մարզի, ինչու չէ, նաև հանրապետության պատիվը բարձր պահեն։ Ես իմ կյանքը չեմ պատկերացնում գեթ մեկ օր առանց երեխաների» - ասում է Քաջարանի արվեստի դպրոցի ուսմասվար, վոկալիստ Վարդիթեր Հարությունյանը։

Տիգրան Ղուկասյան

17:00 16.03.2020

Ամենաշատ ընթերցվածները