ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թագաբարդակ
20:00 16.03.2020

Թագաբարդակ

Կորոնավիրուսով 30 վարակված (մարտի 16-ի առավոտյան դրությամբ), ևս 300-ը՝ մեկուսացված, որից մեկի մոտ թոքաբորբ, որը արդեն վտանգավոր է կյանքի համար: Եթե, Աստված մի արասցե, առաջին մահը գրանցվեց, ապա խուճապ բառի իմաստը բոլորս կտեսնենք իր ողջ արտահայտությամբ: Ամեն ինչ տեղի ունեցավ պարզ սխեմայով: Առաջին փուլում մեզ ասացին՝ ոչ մի բան տեղի չի ունենա: Երկրորդ փուլում մեզ ասացին, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, բայց մենք առանձնապես բան չենք անելու դրա վերաբերյալ: Երրորդ փուլում մեզ ասացին, որ հնարավոր է վարակը տարածվի, սակայն մենք բան չենք կարող անել, քանի որ սահմանները փակելը հարց չի լուծում: Չորրորդ փուլում մեզ ասացին, որ մենք կարող էինք ինչ-որ բան անել, բայց արդեն ուշ է: Հիմա մենք գտնվում ենք մեղավորներ փնտրելու փուլում, սակայն եկեք, ինչպես միշտ, ամեն ինչ հերթով ու կարգով ասենք:

Էշի ականջում քնած

ՀՀ կառավարությունը ոչ մի փուլում չխոստովանեց պարզագույն ճշմարտությունը: Այն է՝ մեր առողջապահական համակարգը այնքան կայուն չէ, որ կարողանա դիմակայել այս պահին անբուժելի համարվող հիվանդությանը: Քանի որ չխոստովանեցինք ակնհայտը, ոչ մեկի մտքով չանցավ օդանավակայանում 14-օրյա կարանտին սահմանել Իտալիայից, Չինաստանից, Իրանից և վտանգ պարունակող մյուս երկրներից ժամանող քաղաքացիների համար: 3.5 մլրդ դրամ հանրաքվեի համար ունեինք, իսկ մի քանի միլիոն դրամ՝ ժամանող հնարավոր վարակակիր մարդկանց մեկուսացնելու համար՝ ոչ: Նորից եմ կրկնում, այդ ամենը այն պարագայում, որ հիվանդներին, նրանց հետ շփվածներին հայտնաբերելու և մեկուսացնելու գործընթացն ավելի թանկ է ու ժամանակատար: Սա գրանցենք որպես պատմական հիմարություն, քանի որ խելացի ու հիմար մարդիկ ունեն մեկ ընդհանրություն, երկուսն էլ չափազանց վստահ են այն ամենում, ինչ անում են:

Սուտ արդարացումներ

Էջմիածնեցի մորաքույրը, որը, կորոնավիրուսով վարակված լինելով հանդերձ, թքած է ունեցել առողջապահության աշխատակիցների վրա և րոպե առաջ կաթիլայինից փախել էր դեպի նշանդրեքի իր կազմակերպչական աշխատանքները, այսօր մեղադրվում է սոցիալական ցածր պատասխանատվության մեջ: Բա ինչ աներ այդ կինը, եթե ցածր սոցիալական պատասխանատվությամբ կառավարության անդամները մարզից մարզ քարոզով էին զբաղված, այլ ոչ տարրական անվտանգության կանոնները պահպանելով: Այդ կինը ընդամենը կրկնօրինակել է վերնախավի կեցվածքը, որը, ԱՅՈ, իրենից ներկայացնում է շրիշակից ցածր սոցիալական պատասխանատվություն: 

Առավել վիրավորական էր վարչապետի շուրթերից լսել այն, որ մենք այսօր չունենք օրենք, որով կարող էինք սահմանափակել այդ մորքուրի տեղաշարժը: Վայ, իրո՞ք, էդ որ հանրաքվեին կամ ձեր իշխանության ամրապնդմանը անհրաժեշտ բան է լինում, վայրկենական ԱԺ արտահերթ նիստ եք գումարում ու ընդունում պետքական կետերը, իսկ այստեղ չարեցիք, քանի որ վարչապետը բուկլետները ձեռքը ընկավ մարզերով, պատգամավորներն էլ, քանի որ իրենց գոյությունը արդարացնող բարդույթներ ունեն, գերադասեցին նույնականանալ Փաշինյանի հետ ու քարոզ տարածել: Վերջիվերջո, կարելի էր ասել, որ կորոնավիրուսը կապ ունի Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխության հետ ու դեռ մեկ ամիս առաջ այդ սոուսով ընդունել համապատասխան օրենքը կամ կառավարության բարձր տուգանքի որոշումը: Խոստովանում եմ՝ վերջին նախադասությունը չար կատակ էր:

Ինքնամեկուսացում Սևանում

Վարչապետի ընտանիքի ինքնամեկուսացումը Սևանի առանձնատանը ճղճիմ էր: Պետության ղեկավարը պետք է ի վիճակի լիներ ընդունել սեփական սխալները, իսկ եթե այդպիսիք անխուսափելի էին, ապա նա իր կեցվածքով պարտավոր է լինել խնդրահարույց կետերում, քանի որ առաջնորդը այլ կեցվածք ընդունելու պարագայում չի կարող համարվել ազգի լիդեր: Ընդամենը մի քանի ամսից, երբ Սևանում հերթական էկոլոգիական աղետը գրանցվի, վարչապետը ի՞նչ է անելու, ինքնամեկուսացվելու է արդեն Իջևանու՞մ, որ տոքսիններ առաջացնող ջրիմուռներից հեռու լինի: Հիշեցնեմ, Մեծ Բրիտանիայի բոլոր արքայազնները ծառայել են բանակում, ասեմ ավելի, նրանք բոլորը եղել են թեժ կետերում, որտեղ բրիտանական զինված ուժերը պատերազմել են և մեկուսացվել են միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցները բացահայտել են այս կամ այն արքայազնի գտնվելու վայրը Իրաքում կամ Աֆղանստանում: 

Վերջաբան

Մենք մնացել ենք միայնակ վիրուսի դեմ: Յուրաքանչյուրս պետք է գնենք թանկ ու կրակ ալկոգելերը 1000 դրամով, քանի որ ինքնամեկուսացված վարչապետը չի պատրաստվում կարգավորել շուկայի բորենիների անհարկի թանկացումները, որոնք ուղղակիորեն կապված են անձնական հիգիենայի հետ: Դիմակների մասին ընդանրապես չեմ ուզում խոսել: Աշխարհում ճգնաժամ է, մենք ու՞մ շունն ենք, որ աշխարհից առաջ ընկնենք: Սուպերմարկետների խուճապային դատարկումն էլ թող ձեռնտու լինի այլևս ազնիվ գործարար Սամվել Ալեքսանյանին և նրա նմաններին:

 

Մարդաշատ վայրեր, բանկեր ստիպված են չգնալ, քանի որ կառավարությունը չի հայտարարում այն մասին, որ անձնական շփումներ ենթադրող բոլոր գործարքները պետք է սառեցվեն, քանի դեռ անորոշություն է տիրում: Նոր, կառավարությանը շան տեղ չդնող մորքուրների մասին տեղեկատվությունը մենք կստանանք նույն կերպ՝ ուշ, երբ խոսքը կլինի արդեն նրա մասին, թե քանի հոգու հետ են նրանք հասցրել առնչվել: Վիրուսի տարածումը, հնարավոր հիվանդների քանակը և մյուս ցուցանիշները այս պահից խիստ մոտավորապես են և արժանի չեն մեր ուշադրության, քանի որ վարչապետը իջել է հատակը, քանի դեռ չի անցել վտանգը: 

Զարգացած երկրներում արտակարգ իրավիճակի հայտարարման և սահմանների ամբողջական փակման ֆոնի վրա մեզ մնում է հուսալ, որ ապրիլին հակավիրուսային վակցինան այնուամենայնիվ կհայտնաբերվի ու ոչ տիեզերական գնով կտրամադրվի նաև Հայաստանին: Աղոթենք առողջապահության միջազգային կազմակերպության ջանքերի համար: 

Այս պահին գրանցենք սոցիալապես ցածր պատասխանատվություն ունեցող առողջապահության նախարարի հայտարարությունը, որը բերեց նրան, ինչ ունենք այսօր.

«Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա:» Արսեն Թորոսյան, 27.02.20

Երկու տարվա մեջ՝ հեղափոխությունից հետո, «դուխով» կարգախոսին այդպես էլ փոխարինելու չեկան «խելքով», «զգուշավոր», «նախապես զինված», «արհետավարժ կերպով» և օդի պես անհրաժեշտ էլի շատ ու շատ կարգախոսներ:

Դրական նոտա

Այսքան բացասական փաստական հանգամանքների հետ մեկտեղ մի լավ բան անհրաժեշտ է ասել: Կինս այլևս չի ասում՝ երեկոյան մի տեղ գնանք, թանկագի՛նս, շնորհակալ եմ քեզ Նիկոլ Փաշինյան:

Արման Սուլեյմանյան

Լուսանկարը՝ Հայկ Ծիրունյանի

20:00 16.03.2020

Ամենաշատ ընթերցվածները