ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տաք սնունդ Ճակատենի դպրոցում
15:00 22.03.2020

Տաք սնունդ Ճակատենի դպրոցում

Ճակատենի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 8 աշակերտ, բայց դա չի խանգարել, որ սկսի գործել տաք սնունդ մատակարարող ճաշարան։ Մանկավարժների հավաստմամբ՝ այստեղ ստեղծվել են սովորելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Դպրոցում արդեն ճաշարան կա

Ճակատեն բնակավայրի 108-ամյա հիմնական դպրոցը երբևէ ճաշարան չի ունեցել։ Մեկհարկանի կառույցի սենյակներից մեկը ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրի օժանդակությամբ և համագյուղացի բարերարի աջակցությամբ վերածվել է ճաշարանի։ 1-ից 4-րդ դասարանի երեք   աշակերտ օգտվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից։ Ուտեստները բազմազան են՝ ըստ սահմանված ցանկի, երեխաներն էլ հաճույքով են այստեղ սնվում․  «Ուտում ենք գրեչկա, բորշ, գարոխով սուպ, ոսպով փլավ, վերմիշել, պեչենի։ Բայց էս ամեն ինչի մեջ իմ սիրածը ոսպն է, որ դաս ենք անում, սովածանում ենք, գալիս ենք ուտում ու նորից գնում դասի։ Ճաշերը համեղ են պատրաստում, բոլորն էլ ուտում ենք», - ասաց 4-րդ դասարանի աշակերտուհի  Էմիլի Այդինյանը։ 

Դպրոցի տնօրեն Եղիշե Բաբայանը ծրագրին չմասնակցել չէր կարող։ Նրա խոսքով՝ կապ չունի դպրոցում քանի աշակերտ կա։ Որպես դպրոցի տնօրեն ծնողի նման ուրախանում է, երբ տեսնում է, թե ինչպես են աշակերտները վազում ճաշարան․ «Ո՞վ է ասել, որ եթե 3 կամ 5 երեխա  է, ուրեմն  նրանք  չպետք է օգտվեն այդ ծրագրից։ Մի ազատ սենյակ կար,  ամռանը սկսեցի շինարարական աշխատանքները։ 2020 թվականի փետրվարի 1-ից երեխաները տաք սնունդով ապահովված են։ Դպրոցում ճաշարան չի եղել, և սա մեծ քայլ է երեխաների համար նորմալ պայմաններ ստեղծելու հարցում», - նշեց Եղիշե Բաբայանը։

Քիչ են, այն էլ՝ խտացված

Դպրոցում սովորող 8 աշակերտից 2-ը ներառական կրթությամբ է։ Կոմպլեկտավորված դասարաններ են։ Տիկին Ֆլորան 43 տարի է՝ մաթեմատիկա է դասավանդում։ Դժգոհում է այսօրվա կրթության որակից։ Երեխաները ասում են, թե սիրում են առարկան, բայց չեն սովորում։ Կարծում է, որ մրցակցությունը բացակայում է երեխաների փոքր թվի պատճառով․ «Նրանք սովորում են ինչքան կարողանում են, բայց դժգոհ եմ։ Կարծես ցանկություն չունեն, ծնողներն էլ հետևողական չեն։ Տարբեր դասարանների աշակերտներ միասին սովորելուն հարմարվել են։ Մի ժամանակ, երբ դեռ նոր էինք սկսել, դժվարանում էին միասին որևէ բան անել, հիմա արդեն հարմարվել են։ Դժվարություններ առաջանում են ներառական կրթությամբ սովորողների հետ․ նրանց հետ պետք է աշխատել անհատական մոտեցմամբ։ 5-րդ և 6-րդ դասարանները միասին են, որը մի փոքր դժվարացնում է դասապրոցեսի ընթացքը, բայց փորձում ենք այնպես անել, որ որևէ մեկը չտուժի։ Նրանց հետ աշխատում եմ այնքան, որքան իրենք կարողանում են հասցնել։ Բացատրում եմ շատ պարզ ձևով, որպեսզի կարողանան գոնե  նվազագույն գիտելիքներ ձեռք բերել», - շեշտեց տիկին Ֆլորան։ 

Դպրոցը հիմնական նորոգման կարիք չունի, ջեռուցումն էլ իրականացվում է թիթեղյա  վառարաններով։ 26 տարվա տնօրենը նշում է՝ դպրոցը մի ժամանակ 28 աշակերտ ուներ, 2007-ից աշակերտների թիվը սկսել է նվազել․  «Բոլոր գյուղերում աշակերտների թիվը քիչ է։ Արտագաղթը շատացել է, բայց գյուղապահպանության գործում դպրոցի դերը մեծ է։

Կրթության մակարդակը ընդհանուր առմամբ իջել է։ Պատճառներից մեկը դասարանների խտությունն է։ Մի դասարանում 35 աշակերտ սովորելով՝ այդտեղ չեն կարող որակ ապահովել, ինչպես սովորաբար քաղաքի դպրոցներում է լինում, նույնը չի վերաբերում գյուղական դպրոցներին, բայց այստեղ ուրիշ առանձնահատկություն կա՝ թերկոմպլեկտավորված դասարաններ են, 2,3 դասարան խտացված իրար հետ են աշխատում։ Չկա մեթոդ, մենք ենք մշակում՝ ինչպես աշխատել և գիտելիքներ տալ երեխաներին», - ասաց տնօրենը։

8-ից կմնա 6-ը

Երկու աշակերտ այս տարի կավարտի Ճակատենի հիմնական  դպրոցը։  Սամվելը նպատակ ունի ուսումը շարունակել ավագ դպրոցում․ «Քույրս, այստեղ ավարտելով ուսումը, շարունակեց ավագ դպրոցում։ Մեկ-մեկ զանգում է ինձ և ասում, որ իրենց դասարանում աշակերտները այնքան շատ են, որ հերթ են «պահում» դաս պատասխանելու համար։ Մեզ մոտ այդպես չէ, քիչ ենք, ամեն օր դաս ենք պատասխանում», - պատմեց Սամվել Ավթանդիլյանը։

Դպրոցում տնօրենի հետ միասին կա ևս 4 ուսուցիչ։ 8 աշակերտից 4-ն էլ քաղաքից է գալիս։ Տարբեր աղբյուրների հաշվին ապահովված են փոխադրամիջոցով։ Կարճ ասած՝ կրթօջախում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները աշակերտների համար, մնում է միայն լավ սովորել։

Նարե Խաչատրյան

15:00 22.03.2020

Ամենաշատ ընթերցվածները