ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայրենի բնաշխարհի նկարիչը
16:00 23.03.2020

Հայրենի բնաշխարհի նկարիչը

Արդեն բավական ժամանակ ապրելով և ստեղծագործելով ՌԴ-ում՝ գեղանկարիչ  Լեռնիկ Պետրոսյանի աշխատանքների թեման մնում է հայկականը։ 

Նա մեր տարածաշրջանում հայտնի Պետրոսյանների  գերդաստանի ներկայացուցիչ է:

Ծնվել է 1945թ. Քաջարան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1952-63թթ. սովորել է Քաջարանի Խ.Աբովյանի անվան դպրոցում։ 

1964-67թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1968թ. ընդունվել է ՌԴ Կոստրոմա քաղաքի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետը, ավարտել 1973թ.՝ գեղանկարչի մասնագիտացմամբ։ 

Հայաստանի  և ՌԴ նկարիչների միության անդամ է։

Հայրը՝ Հմայակ Պետրոսյանը,  Քաջարանի քաղխորհրդի գործկոմի առաջին  նախագահն էր, եղբայրները՝ Ֆրունզե Պետրոսյանը՝ կոմբինատի երկարամյա տնօրեն, Պավլիկ Պետրոսյանը`  ճանաչված լեռնագործ, հայտնի արվեստագետ է Կարեն Պետրոսյանը։

Տարբեր  հայացքների, նախասիրությունների  տեր մարդիկ, մասնագետներ, ում գիտեն նաև  Հայաստանի սահմաններից դուրս։

Ինչ  խոսք,  նրանցից յուրաքանչյուրի աշխատանքային գործունեությունն ու անցած  ուղին լուսաբանման ու այսօր ընթերցողին ներկայացնելու է արժանի․․․

Զրուցեցինք նկարչի հետ, որի առիթը հանդիսացավ նաև 1973 թվականի սեպտեմբերին Ղափանի շրջանային «Պղնձի համար» թերթի «Առաջին ցուցահանդեսը» հոդվածը․«․․․Օրերս Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի  պալատում բացվեց երիտասարդ նկարիչ Լեռնիկ Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը․․․Ներկայացված են հեղինակի տարբեր ժանրերի շուրջ 40 աշխատանքներ։ Այստեղ դիտողի առջև բացվում են նկարչի հուզաշխարհը, հետաքրքրությունների շրջանակը․․․

․․․․Դեռ  մանկուց էին Լ․ Պետրոսյանին հրապուրել ծննդավայրի՝ Քաջարանի գեղատեսիլ բնությունը, բարի  ու աշխատավոր մարդիկ։ Սովորելով տեղի միջնակարգ դպրոցում՝ հմուտ պատանին միաժամանակ ճեպանկարում էր իր ընկերներին, ծանոթներին, էտյուդներում պատկերում հայրենի բնությունը։ Միջնակարգն ավարտելուց հետո նա ընդունվեց Կոստրոմայի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական բաժինը և ավարտելով  այն՝ վերադարձավ Քաջարան»։

Այժմ  նկարչի ախատանքները ներկայացվում են տարբեր ցուցահանդեսներում, նաև՝  համացանցային հարթակում, մարդկանց գրավելով ինքնատիպությամբ և գույներով, հայկական կոլորիտով։ 

— Ինչպե՞ս են ծնվում  հերթական նկարները:

— Երբեք  հստակ չգիտես՝  երբ հերթական գաղափարը  կծնվի:

Յուրաքանչյուր նկարիչ իր ոգեշնչման աղբյուրն ունի։ Ինձ համար այդ աղբյուրը ընտանիքս է, հայրենիքս, իմ ծննդավայր Քաջարանը, բնությունը, եղանակը և իհարկե՝ հարազատ Սյունյաց լեռների ոգին։ 

— Ապրելով հայրենիքից դուրս՝ շարունակում եք այնուամենայնիվ հայրենիք նկարել, ձեր նկարները հայկական են. հայկական են բնությունը, մարդիկ, եկեղեցիները, գյուղական տեսարանները… դրանով կարո՞տն եք փարատում…

— Դա մեր  ազգին յուրահատուկ  է։ Ես վստահ եմ՝ հայրենիքից դուրս հայը շարունակում է սնվել  հայրենիքի էներգիայով։ Արվեստագետներն առավել զգացմունքային են, և, բնականաբար, Հայաստանն  ու հիշողությունները մեզ ոգեշնչում, ուժ և եռանդ են տալիս։

— Իսկ ինչպե՞ս է հաջողվում օտար երկրում հայրենիք նկարել, արդյո՞ք միջավայրը չի խանգարում դրան…

— Հայրենիքից հեռու սրվում է կարոտի զգացումը, իսկ դա նպաստում է հիշողությունների ներհոսքին։ Եվ երբ նկարիչը ստեղծագործում է, նրա շուրջն ամեն ինչ վերանում է, այստեղ  գործի է անցնում երևակայությունը, վրձնի ամեն մի նոր շարժում պատկերն ամբողջական է դարձնում։ Միջավայրն ընկալում է ստեղծագործ մտքի մտահղացումները:   

— Հաճա՞խ եք լինում ծննդավայրում։

— Ցավոք, ոչ այնքան հաճախ, որքան ցանկանում եմ։ Խանգարող հանգամանքները շատ են, սակայն ամեն հնարավորություն օգտագործում եմ, իսկ հայրենիքից վերադառնում եմ լի էներգիայով ու երևակայությանս մեջ հստակ արտացոլված պատկերներով։

— Հիշողություններ հարազատ  վայրերի մասին:

— Հիշողությունները շատ են. դրանք ինձ հետ են ամենուր, ամեն ակնթարթ, կապված են մեր գյուղի յուրաքանչյուր տան, յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր արահետի հետ։ Ես միշտ  մտքով այնտեղ եմ՝ Կապուտջուղի ստորոտին, Թթու ջրի մոտ, Քաջարանց գյուղի բնակիչների, հատկապես՝ մեծերի հետ, որոնց հաճախ եմ նկարել։ Հիմա էլ շարունակում եմ նկարել նրանց, ուղղակի արդեն՝ հիշողությամբ։ 

— Պետրոսյանների գերդաստանը տարածաշրջանում հայտնի է, բնագավառի մարդկանցից է նաև ձեր դուստր Հասմիկը,  ի՞նչ եք կարծում՝ ժառանգաբա՞ր է փոխանցված ամենը ….

— Իհարկե, գենետիկան հզոր ուժ է, եթե առանց գովեստի, ապա՝ այո, մեր գերդաստանը հասարակությանը պիտանի մարդիկ  է տվել, տարբեր բնագավառներում աշխատող և արարող, յուրաքանչյուրն իր ուղուն կառչած...

— Ստեղծագործելու ոճը, որին  հավատարիմ եք …

— Ռեալիզմ, կարծում եմ՝ դա հենց  կյանքն է, իրականությունը․․․

— Ունեցե՞լ եք աչքի առաջ արվեստագետներ, ում ցանկացել եք նմանվել, ովքե˚ր են սատարել՝  առաջին քայլերն անելիս…

— Նկարել սկսել եմ ավագ եղբորս՝  Կարենի աշխատանքներից տպավորված, և սկսնակ  նկարչիս ստեղծագործական «կնքահայրը» նա է եղել։ Նկարում էր իմ աչքի առաջ, տեսնում էի ոգևորությունն ու արդյունքը, այդպես էլ ծնվեցին իմ ցանկությունները։ 

Ցանկություններ, որոնց  իրականացումը ջանքեր ու եռանդ էին պահանջում, մասնագիտական հմտություններ ու  անդադար աշխատանք․․․բայց նշեմ՝ սիրելի աշխատանք։

— Արդյո՞ք  ՌԴ-ում գիտեն՝ ով է Լեռնիկ Պետրոսյանը, այսինքն՝  ներկայանու՞մ եք հասարակությանը, ցուցահանդեսներ ունենու՞մ եք ….

— Այո,  գիտեն, և կարծում եմ՝ հայրենիքում  թե դրսում, արվեստագետի համար կարևոր է հանրային ճանաչումը, ստեղծածդ  պետք է նաև մատուցել կարողանաս։ Հասարակության գնահատականը կարևոր է, չէ՞ որ մի խոսքից  կամ մտքից նոր գաղափարներ կարող են ծնվել։ 

Արդեն 1997  թվականից Ռուսաստանի նկարիչների միության անդամ եմ։ Ցուցահանդեսների մասնակցում եմ պարբերաբար։ 

— Արվեստը  բիզնե՞ս է, թե՞ ոչ, արդյո՞ք դրանք խաչվում են, և ինչպես անել, որ մեկը մյուսին չխանգարի, այլ՝  փոխլրացնի:

— Արվեստը ոչ մի պարագայում բիզնես չեմ համարել։ Միշտ նկարել եմ այն, ինչ այդ պահին զգացել եմ։ Երբեք չեմ նկարել շուկայի թելադրանքով։ Այլապես ստեղծագործել՝  չէի կարող...

— Ձեր աշխատանքները  գունեղ են … հենց այն գույներով ե՞ք ընկալում աշխարհը…

— Նկարիչը նկարում է այն, ինչ տեսնում և զգում է, իսկ գույները կախված են տրամադրությունից։ Եթե գունեղ  են՝ կնշանակի ես այդպես էլ աշխարհն եմ ընկալում․․․Դրանք իմ տրամադրության մասին են խոսում։

— Ձեր երազանքների մասին…

— Մեծագույն երազանքս՝ վերադառնալ ծննդավայր, ստեղծագործել, կարոտս առնել, նկարել  հարազատ վայրերն ու դեմքերը ոչ թե հիշողությամբ,այլ՝ կրկին ամենի ականատեսը լինելով։

Լիլիթ Իսրայելյան

16:00 23.03.2020

Ամենաշատ ընթերցվածները