ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հնարավոր ամեն ինչ ձեռնարկվում է
19:00 28.03.2020

Հնարավոր ամեն ինչ ձեռնարկվում է

Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով մարտի 17-ից  գործում է արտակարգ դրություն, որը տևելու է մինչև ապրիլի 14-ը։ ՀՀ տարածքում արգելվել են բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրությունը։ Խաղատները, բուքմեյքերական և նմանատիպ գործունեության գրասենյակները, ինչպես նաև առևտրի կենտրոնները դադարել են գործել, բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների  մանրածախ առևտրի կետերը։

Ախտահանվում է ամեն ինչ

Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա Սյունիք բնակավայրում գտնվող խանութներում օրական 3 անգամ մաքրման աշխատանքներ են կատարվում։

«Ախտահանի՛ր և պահպանի՛ր անվտանգությունը․ սա վերաբերում է բոլորին, պետք է ոչ ոք անտարբեր չանցնի վարակազերծող նյութի կողքով, ունենք նաև ձեռնոցներ, դիմակներ, բայց ձեռքերը մաքրելն են դժվարանում, ուր մնաց՝ դրանցից օգտվեն։ Բոլորին վերահսկելը դժվար է, չենք պարտադրում, բայց փորձում ենք գոնե զգուշացնել», - ասաց վաճառողուհի Լիլի Հովհաննիսյանը։

Լիլիի խոսքով՝ քանի որ իրենց խանութը գտնվում է մայրուղու վրա, մարդկանց հոսքը մեծ է։ Խուճապային տրամադրություն չկա։ Հաճախորդների թվի նվազման պատճառը այս օրերին վատ եղանակն էր․ «Առավոտյան ներս մտնելուն պես ախտահանում ենք առաջին հերթին բռնակները, զամբյուղները, քանի որ մարդիկ դրանցից ավելի շատ են օգտվում»։

Խանութի տնօրենը նշում է, որ Պարսկաստանից հիմա վարորդներ չեն գալիս, բայց Կովսականից այցելուների պակաս չի զգացվում։ Ընդգծում է՝ դիմակով աշխատելը դժվար է, ինչ վերաբերում է ալկոգելին, ապա դրան փոխարինող միջոցը գտել է՝ տնական օղի․ «Ունենք 5 աշխատող, ամեն մեկը օրական 3-ից 4 անգամ դիմակ և ձեռնոց է փոխում։ Խանութն է տրամադրում պաշտպանիչ միջոցները։ Հացի առաքիչները դիմակավորված, տոպրակի մեջ բերեցին հացը, գովելի հանգամանք է, բայց սա պետք է շարունակական լինի, միայն կորոնավիրուսի վարակի վտանգի ժամանակ չէ, որ պետք է տոպրակով բերեն։ Այսպես ավելի հեշտ է՝ թեթևացնում է աշխատանքի մի մասը և պահպանում հիգիենան», - ընդգծեց տնօրեն Գարուն Սարգսյանը։

Իրավիճակը նույնն է մյուս խանութ-սրահում, միայն թե մտավախություն ունեն՝ կապված անծանոթ հաճախորդների հետ։ Գտնվելով միջպետական ճանապարհին՝ չեն կարողանում տարբերակել, թե որ այցելուն որ քաղաքից կամ երկրից է ժամանել։

«Մեր խանութում շարժը քչացել է։ Մարդիկ ամեն ինչ գնել և «փախել» են գյուղերը։ Կարելի է ասել, որ խանութը դատարկվել է, ոչ թե խուճապային վիճակ է ստեղծվել, միայն գալիս են ալյուրի համար, հարցնում գինը և գնում։ Ոչինչ չի թանկացել, միայն ալյուրի պարկի մեջ 200 դրամի տարբերություն կա, դա էլ դոլարի կուրսի բարձրացման հետ է կապված», - ասում է Կամո Գրիգորյանը։

Նույն կանխարգելիչ միջոցառումներն են իրականացվում նաև հացաթխման արտադրամասերում։ Թեև այդ վայրերում դժվար է դիմակով և ձեռնոցով աշխատել, բայց հետևում են համապատասխան հրահանգներին․ «Ինչպես հարկն է, ամեն օր ախտահանում է իրականացվում։ Ժավելով մաքրում ենք հատակը, սեղանները, դրսի մարդկանց հետ շատ քիչ ենք շփվում, ամեն մեկն իր աշխատանքին է։ Անկախ իրավիճակից քաղաքացիներին ապահովում ենք հացով», - շեշտում է Աղունիկ Արշակյանը։

Չնայած անընդհատ հորդորում են, որ խանութներում անհարկի կուտակումներ չառաջացնեն, այնուամենայնիվ, երբեմն դրանցից խուսափել չի լինում։ Այս դեպքում խանութ-սրահների աշխատակիցները առավել դժվարությամբ են կարողանում վերահսկել այցելուներին, որ նրանք օգտվեն ախտահանիչ միջոցներից։

Նարե Խաչատրյան

19:00 28.03.2020

Ամենաշատ ընթերցվածները