ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ-ում արգելվել է ՊՇՌ թեստավորումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն
17:00 03.06.2020

ՀՀ-ում արգելվել է ՊՇՌ թեստավորումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը երեկ որոշում է ստորագրել  ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու մասին։

Որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ:

Սահմանվում է, որ  կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են առողջապահության նախարարի հրամանով: Ըստ որոշման, COVID-19-ի ախտորոշման նպատակով, ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։ Հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ։
Որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 2-ի ժամը 23:59-ին։

Պարետի որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Աղբյուր` Panorama.am

17:00 03.06.2020

Ամենաշատ ընթերցվածները