ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչո՞ւ Հայաստանը դուրս մնաց կարևոր ծրագրից
13:55 21.07.2017

Ինչո՞ւ Հայաստանը դուրս մնաց կարևոր ծրագրից

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղևորափոխադրումը: Նկատենք, որ թեև արտաքուստ երկաթուղու միջոցով Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արևելքի և արևմուտքի միջև կապը, բայց գործնականում սա լրջագույն հարված է Հայաստանի համար: Այդ ամենի հետևանքով Հայաստանը վերջնականապես դուրս մնաց հարևան երկրների հետ համագործակցության ծրագրից ճիշտ այնպես, ինչպես շատ ավելի վաղ դուրս էր մնացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից: 

Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետևանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից, երբ ներկայացվեց նախագիծը: Սակայն իշխանությունները սկզբում փորձում էին հանգստացնել, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Բայց արդեն այս տարվա հունվարին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե երկաթուղու կառուցումից հետո Երևանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղային փոխադրումների իրականացմանը: 

Սակայն ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման: Ի վերջո, գոնե Ադրբեջանի և Թուրքիայի համար երկաթուղու կառուցումը նաև Հայաստանի մեկուսացումը խորացնելու նպատակ ունի, և որևէ գնով չեն նահանջի այդ նպատակից: Մինչդեռ ժամանակին հնարավոր էր երկաթուղու կառուցման համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն շահագործել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը և այդպես ապահովել կապը:

Իսկ ահա Իրան-Հայաստան երկաթուղին, որը կարող էր այլընտրանք դառնալ, և որի կառուցման մասին դեռ 2008թ. հայտարարել էր Սերժ Սարգսյանը, այդպես էլ իրականություն չի դառնում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

13:55 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները