ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսաստանը նախաձեռնում է բլոգեր Լապշինի արտահանձնման գործընթացը
19:15 22.07.2017

Ռուսաստանը նախաձեռնում է բլոգեր Լապշինի արտահանձնման գործընթացը

«Ազատություն» ռադիոկայանի կայքում կարդում ենք.«Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը պատրաստ է նախաձեռնել Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ռուսաստան վերադարձնելու գործընթաց, եթե նա նման ցանկություն հայտնի: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան էլ հայտարարել է, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում:

Նախօրեին Բաքվի դատարանը Արցախ այցելելու համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին: Մեղադրողը 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը եզրակացրել է, որ բլոգերին առաջադրված մի խումբ անձանց կողմից պետության դեմ արված հրապարակային կոչերի մեղադրանքն ապացուցված չէ, ուստի հանվում է»,- նշված է «Ազատության» կայքում:

Ռադիոկայանը հիշեցնում է, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում ադրբեջանական իշխանությունների պահանջով: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնել էին Ադրբեջանին:

Հուլիսի 22-ին դատավճռի հրապարակումից հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, թե Մոսկվան շարունակելու է պաշտպանել բլոգերի իրավունքները: Լապշինի ազատազրկումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ: Մասնավորապես «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» ընդգծել է՝ «Լապշինը չպետք է բանտ նստի վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»:

Լուսանկարը՝ BBC.com-ի

19:15 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները