ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Քաջարանցի Նարան՝ առաջին կարգի դափնեկիր
21:54 25.01.2024

Քաջարանցի Նարան՝ առաջին կարգի դափնեկիր

Երեք տարեկան էլ դեռ չկար Նարան, որ Տեր Անդրեասը մկրտեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում․․․

2013 թվականն էր…ու դեռ ցնծում էր հայկական բերդաքաղաքը․․․

 

Զրուցել ենք Շուշիի ժայռերի տակ ծվարած Քարին Տակում տուն-տեղը թողած տիկին Ռամելայի թոռան հետ, ով մեծ երազանք ունի կանգնել Ղազանչեցոցի դիմաց ու վրձնել Սպիտակ Վանքը․․․

Նարան՝ առաջին կարգի դափնեկիր 

Վերջերս Երևանում տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած և շատ սպասված «Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին նաև Քաջարանի արվեստի դպրոցի սաները։ Սյունեցի երեխաները առաջին, երկրորդ, երրորդ կարգի դափնեկիրներով են վերադարձել մարզ։

Առաջին կարգի դափնեկիր է իր հետ տուն տարել Նարա Հովիկի Աղաբեկյանը։ «Ներդաշնակություն» նկարն է Նարային առաջին շարքերում դասել։

«Թեման հայկական դիցաբանությունն էր, «Ներդաշնակություն» նկարում վրձնել եմ հայկական դիցարանի ջրի, սիրո, գեղեցկության աստվածուհի Աստղիկին և Վահագնին՝ ռազմի, քաջության, հաղթանակի աստծուն: Այդպիսով ցույց եմ տվել հայրենիքի հիմքում ընկած սերն ու ուժը», - ասաց Նարան։

Նրա փոխանցմամբ՝ փառատոնի բացումը Հայաստանի նկարիչների միությունում էր, ցուցադրված էին մասնակից երեխաների աշխատանքները։

13-ամյա նկարչուհու խոսքով՝ շատ կարևոր են նման մրցույթ-փառատոնները, որովհետև հնարավորություն են տալիս շփվելու տաղանդավոր մարդկանց հետ։

«Ծանոթացա քանդակագործ Վիգեն Ավետիսի (Ավետիսյան) հետ, ով ժյուրիի անդամ էր։ Վիգեն Ավետիսի գործերը տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում: Նա նաև կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումներ։ Ուսումնասիրեցի հասակակիցներիս աշխատանքները նաև ու հիացա»։

Հավանական է, որ առաջին կարգի դափնեկրի արժանացած 50 աշխատանք ցուցադրվի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

«Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնը միակը չէ, որին մասնակցել է Նարան։ 2021-ին «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ-փառատոնին է մասնակցել՝ արժանանալով երկրորդ կարգի դափնեկրի, իսկ արդեն 2022-ին նույն «Արտ Մյուզիքից» վերադարձել է առաջին կարգի դափնեկիրը ձեռքին։

«Նկարչությունն ինձ համար հոգեհարազատ զբաղմունք է, որի ընթացքում հանդարտեցնում եմ մտքերս ու լցվում եռանդով։ Հիմնականում նկարում եմ Քաջարանի արվեստի դպրոցում։ Սիրում եմ լռության մեջ նկարել, այն էլ՝ արևոտ եղանակին։ Երբ պատահում է, որ նկարն ինձ դուր չի գալիս կամ հիասթափեցնում է՝ ավարտին չեմ հասցնում, փոխում եմ թեման ու այլ նկար վրձնում»։ 

 

«Մատով ցույց տալու աղջնակը»

Նարան արդեն տեղեկացրեց, որ Քաջարանի արվեստի դպրոցն է հաճախում, հաճախում է նաև պարի ու երգի դասերի։ Ավելացնենք, որ սովորում է քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցում, գերազանց է սովորում 7-րդ դասարանի աշակերտուհին։

Նարայի մասին խոսելիս հարևան, բարեկամ, ուսուցիչ մեկ բան են ասում՝ «մատով ցույց տալու երեխա է»․ այդպես են ասում սյունեցիները, երբ երեխան օրինակելի է ու դաստիարակված։

Նարայի նկարչական աշխարհում իր առանձնահատուկ տեղն ունի հայրենիքի թեման։ Նա գունեղ է նկարում մեր պատմական հայրենիքը՝ ոգեշնչված «ամենաազգային»՝ սարյանական ոճով։

«Ինձ շատ են դուր գալիս Մարտիրոս Սարյանի կտավները․ դրանց մեջ կան հայրենի լեռներ, գետեր՝ լցված կյանքով»,- նկատում է Նարան՝ խոսում մեծ երազանքներից․ ապրել Տիգրան Մեծի «Ծովից ծով Հայաստանում», որի մեջ նաև մեր Լեռնային Արցախն է․․․

«Գերված Արցախը իմ սրտի տունն է, իմ երջանիկ մանկությունը, կարոտը, հույսը․․․»։

Նարան արմատներով նաև Արցախից է, Քարին Տակում էլ է անցել նրա մանկությունը, կարոտով է հիշում․․․հավատում է, որ դեռ վերադառնալու է Ռամելա տատի տարիներով շահած-պահած տունը։ Համտեսելու է տատի պատրաստած արցախյան ժենգյալով հացը, քայլելու է բերդաքաղաքի փողոցներով, աղոթելու է Ղազանչեչոցում․․․

Իրականում նրա երազանքը համազգային երազանք է․ նորից հայկական դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Բժշկուհի կամ ծրագրավորող (վերջնական դեռ չի որոշել Նարան) դառնալ ցանկացող աղջնակը շատ է սիրում իր ծննդավայրը՝ Քաջարանը, մեծ ցանկություն ունի հանքագործների քաղաքը վերևից նկարել։

 

Վերջաբանի փոխարեն

Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ գործ է։ Հովիկն ու Արմինեն (Նարայի ծնողներն են) օրինակելի երեխա են դաստիարակել․ քաղաքում բոլորն են ասում։

Հպարտանալու բան է, երբ երեխադ հաջողում է ուսման մեջ, միայն գովեստի խոսքերի արժանանում։ Իհարկե, երեխա, որ սիրում է իր հողն ու ջուրը և  պետք է պիտանի մարդ դառնա երկրի համար։ Այդպես է ամուր լինում ընտանիքը, ուժեղ՝ պետությունը։

Լիահույս լինենք, որ կկատարվի Նարայի․․․ բոլորիս բաղձալի երազանքը, որ նա հենց Արցախում կտավին հանձնի ոչ միայն Ղազանչեչոցը, այլ նաև Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը․․․

Դեդոն Բաբոյին պետք է հետ բերի։


Անուշ Միրզոյան

 

Աղբյուրը՝ PARA TV

21:54 25.01.2024

Ամենաշատ ընթերցվածները