ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր դատարկվում է
14:55 31.08.2017

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր դատարկվում է

ԵԱՀԿ երևանյան գրասենյակում, որը Ադրբեջանի պահանջով դադարեցրել էր գործունեությունը Երևանում, վաղվանից չի գործելու. այսօր՝օգոստոսի 31-ին, գրասենյակի շուրջ 50 աշխատակիցները (6-7 հոգի արտերկրից, մնացած հայաստանաբնակ)  հավաքում են իրերը, հանձնում փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Tert.am-ի հետ զրույցում այս մանրամասների մասին տեղեկացրած գրասենյակի արդեն նախկին աշխատակիցը հայտնել է, որ այսօր օրվա երկրորդ կեսին Վիեննայում գտնվող ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակը հանդես կգա գրասենյակի աշխատանքների ու իրականացրած ծրագրերի վերաբերյալ ամփոփիչ հաղորդմամբ:

Tert.am-ը հիշեցնում է, որ այս տարվա մայիսի 4-ին հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել՝ պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ, որը թե՛ մինչև փակվելը, թե՛ գրասենյակի աշխատանքները երկարաձգելու փորձերին առարկում էր՝ ասելով, որ, իբր ԵԱՀԿ Երևանի գրասենյակը ընդլայնել է իր մանդատը, և այն արդեն տարածվում  է  արցախյան  հակամարտության վրա:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակը օգնում էր  Հայաստանին զարգացնել իր ժողովրդավարական հաստատությունները և ամրապնդել քաղաքացիական հասարակություն, ինչը ներառում է գործողություններ, որոնք ընդգրկում են այնպիսի տարբեր ոլորտներ, ինչպիսիք են օրենսդրական բարեփոխումները, կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարը, բնապահպանական գործունեությունը, մարդու իրավունքների իրազեկման բարձրացումը, լրատվամիջոցների ազատությունը, գենդերային հավասարությունը, աջակցությունը ոստիկանությանը և զինված ուժերի բարեփոխումը:

Tert.am-ը հիշեցնում է, որ ԵԱՀԿ գրասենյակը  ակտիվ մասնակցում էր ընտրական գործընթացներին առնչվող հարցերի և Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկումներին, այդ թվում ԸՕ վերջին փոփոխություններին, զեկույցներ էր պատրաստում հայաստանյան համապետական ընտրությունների ընթացքի և արձանագրված խախտումների վերաբերյալ, իր օժանդակությունն էր բերում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման աշխատանքներին:  

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, թե ակնհայտ է, որ Վրաստանում և Ադրբեջանում դաշտային առաքելությունների փակումից հետո Երևանի գրասենյակը հիրավի դարձել էր  Հարավային Կովկասում  ԵԱՀԿ միակ  պլացդարմը: Դա, ըստ նրա, կարևորագույն դեր էր, որից Հայաստանը զրկվեց:

«Այս իմաստով չափազանց կարևոր ու գնահատելի էր մեր՝ այս պլացդարմ լինելու դերը մի կառույցում, որը հենց զբաղվում է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: Եվ այս մասով աշխարհում լավ գիտեն՝ ով փակեց գրասենյակը, ինչու, այնպես չէ, որ դրա փակման մեղքը Հայաստանի վրա է, բայց դա հաստատապես չի ավելացնում այն առավելությունները, որն ուներ մեր երկիրը մինչև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակումը»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:  

Tert.am-ը հիշեցնում է, որ այս ընթացքում եվրոպացի բազմաթիվ փորձագետներ ու խորհրդարանականներ մատնանշելով այս գրասենյակի թե՛ խորհրդանշանական, թե ՛ գործնական կարևորությունը՝ հույս էին հայտնել, որ մինչև գրասենյակի վերջնական փակումը կհաջողվի հասնել փոխզիջումային լուծման:  

Պատասխանելով հարցին՝ Երևանը բավականաչափ քայլեր արե՞ց գրասենյակի փակումը թույլ չտալու համար, Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ չնայած ակնհայտ է, որ ի տարբերություն Ադրբեջանի և ՌԴ-ի՝ Հայաստանը գոնե շահագրգռություն չի ցուցաբերել նրանց հեռանալու կապակցությամբ, նաև նշել՝ չի կարող հերքել, որ պաշտոնական Երևանը քայլեր ձեռնարկել է այդ փակումը կանխելու համար: Բայցև չի բացառում, որ չի տարվել այս ուղղությամբ «համապատասխան ստրատեգիական աշխատանք կարողանալու համար ստեղծել փակուղիներ, որոնք կստիպեին Բաքվին  հետքայլ կատարել կամ, ինչպես Ստյոպա Սաֆարյանը ձևակերպեց, եթե պաշտոնական Երևանը չգործեր ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում, «Բաքվի հիմարությունն՝ իրենց գլուխը» տրամաբանությամբ»:

Լուսանկարը՝ Lragir.am-ի

14:55 31.08.2017

Ամենաշատ ընթերցվածները