ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Աշխարհին՝ Պաշտպանության բանակն էր Հայաստանի հետ միասին թելադրում, հիմա դռներն ու մարագը բացել են, մարդ չգիտի՝ որտեղ «կզի»». Հին Շենի գյուղապետ․ 168.am
16:11 08.03.2024

«Աշխարհին՝ Պաշտպանության բանակն էր Հայաստանի հետ միասին թելադրում, հիմա դռներն ու մարագը բացել են, մարդ չգիտի՝ որտեղ «կզի»». Հին Շենի գյուղապետ․ 168.am

2020 թվականի Արցախի 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմներից անմիջապես հետո Ադրբեջանը պետական մակարդակով սկսել է ոչնչացնել Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշակոթողները։

Ադրբեջանն օկուպացված Արցախում ոչ միայն պատմական հուշարձանները, եկեղեցիներն է ոչնչացնում, այլև հայերի գերեզմանոցները, ու հետո դրանց վրա ճանապարհներ կառուցում։

Օրերս «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջում տարածվել էր տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները քանդում էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի գերեզմանոցը։

168.am-ի հետ զրույցում Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ տեսանյութն ադրբեջանական կողմն արել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մի մասն օկուպացրել էր և Հին Շենի գերեզմանոցի հատվածով իր համար այլընտրանքային ճանապարհ էր կառուցում։

«Հիմա ես չեմ բացառում, որ գերեզմանոցն ավերել են։ Բայց այն ժամանակ, երբ ճանապարհը սարքում էին, գերեզմանոցի անմիջապես կողքից քանդում էին ծանր տեխնիկայով։

90-ականներին ադրբեջանական կողմը կրկին գերեզմանոցը քանդել էր, երբ մենք 1991 թվականին վերադարձանք գյուղ, գերեզմանոցը վերականգնեցինք, կարգի բերեցինք»,- նշեց Սամվել Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը մի կողմից՝ օկուպացված Արցախից վերացնում է  հայկական հետքը, իսկ մյուս կողմից՝ հայտարարում, թե «արցախահայերը կարող են վերադառնալ Արցախ», զուտ քաղաքական եզրույթ է, որն օգտագործում է  միջազգային այս կամ այն հարթակներում՝ դեմքը փրկելու և դրական առումով ներկայանալու համար։

«Քանի դեռ Արցախում Ադրբեջանն է ու ադրբեջանական զորքը, անհնարին է այնտեղ որևէ արցախցու վերադարձ, քանի որ դա նշանակում է սեփական կամքով գնալ ու ցեղասպանվել։ Եթե այնտեղ լինեն ռուս խաղաղապահներ՝ վերադարձը կարելի է, բայց հայկական անձնագրերով ու որպես հայ, այլ ոչ թե՝ Ադրբեջանի դրոշի ներքո»,- շեշտեց Սամվել Սարգսյանը։

Դիտարկմանը, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահներն Արցախում էին, բայց տեղի ունեցավ արցախահայերի բռնի տեղահանում, Սամվել Սարգսյանը նկատեց.

«Իհարկե, ես քաղաքագետ չեմ, որ մեկնաբանություններ անեմ։ Բայց երբ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, տվյալ պարագայում ի՞նչ կարող էր անել ռուս խաղաղապահը, դրանով ՀՀ իշխանությունն Ադրբեջանին գործելու լայն հնարավորություն տվեց։

Մենք, իհարկե, շատ ենք ուզում վերադառնալ, մեր լավ ու վատ ապրած օրերն Արցախում են, մեր տունը, գերեզմանոցը, սրբավայրերն Արցախում են։

Եթե վերադառնանք 90-ականներ, ապա այն ժամանակ զենք չենք ունեցել, մահակով ու բահով ենք կռվել, մենք դրանցով էինք մեր ինքնապաշտպանությունն իրականացնում։ Սա ես չեմ հորինում, այլ իրական պատմություն է։ Եթե մենք կարողանանք մեր ինքնապաշտպանությունն իրականացնենք, հույսը մեզ վրա դնենք, այլ ոչ թե՝ ռուսի ու ամերիկացու,  հասկանանք, որ միայն մեր բանակն ու մենք ենք մեր գլխի տերը։ Միայն այդպես կարող ենք վերադարձնել հայոց երկրորդ պետությունը։ Այն ժամանակ աշխարհին մենք էինք թելադրում, Արցախի Պաշտպանության բանակն էր Հայաստանի հետ միասին թելադրում մեր իրավունքներն ու ցանկությունները։ Հիմա դռներն ու մարագը բացել են, մարդ չգիտի՝ ինչ անի, որտեղ «կզի»՝ կներեք բառիս համար»,- շեշտեց Հին Շենի գյուղապետը։

Ըստ նրա, միշտ էլ եղել են հայրենասեր տղաներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի, այսօր էլ կան նման մարդիկ։

«2020 թվականից  ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ շատերին Արցախը չի հետաքրքրում, այսինքն՝ նման տպավորություն ստացել եմ 2018 թվականից։ Հայաստանի իշխանությունն ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել այնպիսի մի պետության հետ, որը դարերով թշնամական գաղափարներով է մոտենում հայ ազգին ու հայկական պետությանը։ Սա է իրականությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սամվել Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հայաստանաբնակ այն մարդկանց, որոնք մեծ սիրով ու հարգանքով են ընդունել արցախահայերին, չեն մեղադրել Արցախից «փախչելու» համար.

«Հայաստանը ինչպես բաժանված է հարուստների ու «քյասիբների», այնպես էլ հայրենասերների ու ոչ հայրենասերների, մարդկանց մի մասին հետաքրքրում է Արցախի ու Հայաստանի հետագա ճակատագիրը, մյուս մասին առհասարակ չի հետաքրքրում։

Մեզ հիմա անհրաժեշտ է մի այնպիսի առաջնորդ, որը հավասարություն կբերի»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։

Աղբյուրը՝ 168.am

16:11 08.03.2024

Ամենաշատ ընթերցվածները