ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԵԱՏՄ նիստի շրջանակում Պուտինը կգա՞ Հայաստան». Խամոյանի հարցին իշխանական պատգամավորը հստակ չպատասխանեց
16:08 11.03.2024

«ԵԱՏՄ նիստի շրջանակում Պուտինը կգա՞ Հայաստան». Խամոյանի հարցին իշխանական պատգամավորը հստակ չպատասխանեց

Այսօր ԱԺ Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը երկու անգամ բարձրացրեց հետևյալը հարցը.

«Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը. Հայաստանում ԵԱՏՄ ղեկավարների նիստ  տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ»։

Թեպետ պատգամավորի հարցն ուղղված էր Տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանին, սակայն հարցին պատասխանեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Մինչև այս պահը, Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը։ Ինքս կարծում եմ, որ ԵԱՏՄ բլոկում մենք բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում՝ որպես տնտեսություն։ Կարծում եմ՝ ԵԱՏՄ բավականին լուրջ հնարավորություն է ընձեռել առնվազն վերջին տարիներին մեր տնտեսական քաղաքական արդյունքում։ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ունեցած պարտավորությունների համատեքստում կատարելու է այն, ինչ պարտավոր է»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը։

Ագնեսա Խամոյանը դժգոհեց իշխանական պատգամավորի պատասխանից՝ ասելով, որ իր հարցի պատասխանը չի ստացել։

«Հարցս հետևյալն է՝ ԵԱՏՄ  ղեկավարների մակարդակով նիստ ՀՀ-ում տեղի ունենալո՞ւ է, Վլադիմիր Պուտինը Հայաստան գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ, որովհետև Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը։ Այս հարցը ձեր ռուս գործընկերների հետ քննարկվե՞լ է, որովհետև Պեսկովն այդ հարցը թողնում է օդում կախված։ Ավելի պատկերավոր էլ չգիտեմ՝ հարցս ինչպես ձևակերպեմ»,- նշեց Ագնեսա Խամոյանը։

Վաղարշակ Հակոբյանն Ագնեսա Խամոյանին խորհուրդ տվեց՝ միջազգային հաղորդագրություններին ու գործընկերների հայտարարություններին հետևելուց զատ, հետևել նաև ՀՀ պաշտոնական լրահոսին։

«Այդ հարցին մեր պաշտոնական աղբյուրները բազմիցս անդրադարձ են կատարել։ Կրկնում եմ՝ ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունը ստանձնել է։ Ցանկացած հարց, երբ ԵԱՏՄ շրջանակներում լինում է, այնտեղ գործում է շատ ճկուն համակարգ, եթե բոլոր երկրներն ինչ-որ հարցի շուրջ կոնսենսուսի են գալիս, դա այդպես էլ կատարվում է։ Հավաստիացնում եմ, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում իրականացնելու է իր բոլոր պարտավորությունները։ Թե այդ այցի շրջանաներում կլինի՞ այց Հայաստան, թե՞ չի լինի, դա մեր նախագահության հետ կապ չունի։ Այստեղ որևէ արտառոց բան մի փնտրեք»,- եզրափակեց Վաղարշակ Հակոբյանը՝ այդպես էլ հստակ չպատասխանելով հարցին։

Աղբյուրը՝ 168.am

16:08 11.03.2024

Ամենաշատ ընթերցվածները