ԱՎԵԼԻՆ

Կրթություն

«Կրթության համակարգում ցանկացած ցնցումային միջամտություն բերում է  լրջագույն խնդիրներ. սա համարում եմ անիմաստ ծրագիր». Կրթության փորձագետ․ 168.am
14:25 13.03.2024

«Կրթության համակարգում ցանկացած ցնցումային միջամտություն բերում է լրջագույն խնդիրներ. սա համարում եմ անիմաստ ծրագիր». Կրթության փորձագետ․ 168.am

Արդեն մի քանի օր է, տարբեր բուհերից ահազանգում են, թե դեմ են գիտական կենտրոններին բուհերի միավորման մասին որոշմանը։ Վերջին օրերին ավելի բուռն քննարկումներ են ծավալվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ, որը, ըստ տարածված լուրերի՝ ընդգրկվելու է «Ակադեմիական քաղաքի» կազմում, ինչին անվանի երաժիշտները, երաժշտագետները դեմ են, դեմ են նաև այլ բուհերի հետ միավորմանը։

168.am հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ բուհական համակարգի, այսպես ասած, «օպտիմալացման» և «ակադեմիական քաղաքի» ծրագրերի իրականացման միակ արդյունքը  կարող է լինել աշխատավարձերի բարձրացումը և այն հույսը, որ խոշորացված հիմնարկների գիտաշխատողներն ավելի շատ հոդվածներ կտպեն և բուհերի վարկանիշը կբարձրացնեն։

«Այս ամենը տեղի կունենա աշխատատեղերի կրճատման արդյունքում, դրա արդյունքում կբարձրացնեն նաև մնացած աշխատողների աշխատավարձերը։

Ինչ վերաբերում է որակի ապահովմանը, ապա 30 տարիների ընթացքում, ցավոք, մենք հասարակ հարցեր չլուծեցինք, չեմ կարծում, որ դրանից հետո պետք է կարողանանք բուհերը հասցնել բարձր մակարդակի, ինչի մասին խոսում են։ Անգամ անորոշություններ կան «Ակադեմիական քաղաքի» հետ կապված, քանի որ Կառավարության ներկայացրած փաստաթղթում գրված է, որ 2030 թվականի հունվարի 1-ից արդեն այն գործելու է, բայց գերմանացի մասնագետը, որը ղեկավարում է այս ծրագիրը, Հանրայինի եթերում հայտարարեց, որ 15-20 տարի հետո միայն պատրաստ կլինի «Ակադեմիական քաղաքը»։ Հիմա կառավարությունն ասում է՝ 2030 թվական, գերմանացի մասնագետն ասում է՝ 2044 թվական»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ տարաձայնություններ կան «Ակադեմիական քաղաքի» ժամկետների հետ կապված, ապա որակի հարցում մեծ հույսեր չկան։

«Առհասարակ կրթությունը մարդկային համակարգ է, և մարդկային համակարգերում ցանկացած կտրուկ, ցնցումային միջամտություն բերում է  լրջագույն խնդիրներ։ Հնարավոր է, որ այս ամենի արդյունքում մենք ծախսենք հսկայակական փողեր, բայց վերջում կրկին ստանանք նույն արդյունքը, կամ մի քիչ ավելի լավ։ Ես սա համարում եմ անիմաստ ծրագիր, կարելի էր ավելի կայուն, բայց փոքր քայլեր անել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Սերոբ Խաչատրյանը նաև տեղեկացրեց՝ ծրագիրն իր հետ երբևէ չի քննարկվել, ծրագրի վերաբերյալ իրենց կարծիքը չեն լսել։

Աղբյուրը՝ 168.am

14:25 13.03.2024

Ամենաշատ ընթերցվածները