ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն
13:15 16.09.2017

ՀՀ կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն

«Մեր ծնողները հպարտ կլինեին՝ տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելում»,- հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ այս կիրակի՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը», փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:

«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան»,- կոնգրեսական Սփիր Կանչելյանը «Ամերիկայի Ձայն»-ին խոստովանում է՝ Հայաստան այցի օրակարգն այնքան խիտ է, որ չի պատկերացնում՝ ինչպես են մի քանի օրերի ընթացքում հասցնելու այն իրականացնել: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, դրանք բազմաթիվ են.

«Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը»:

Կոնգրեսականի համար այս այցն ունի զգացական նշանակություն.

«Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարևոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն»:

Այցի քաղաքական կողմը նույնպես անտեսված չէ.

«Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»:

Լուսանկարը՝ Brynmawr.edu-ի

13:15 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները