ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին թալանվում է
13:35 19.09.2017

Թուրքիայում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին թալանվում է

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում, գրում է CNNTürk-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրում դեռևս գործում է պարետային ժամ, և Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքի խոսքով՝ իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ստանում եկեղեցի մտնելու համար: Օգտվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, գողերը մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց նոր իրեր են պակասում: 

Ալյըքը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, որն արդեն իսկ լրջորեն վնասվել է 2015թ. նոյեմբերից 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով ու նորոգման կարիք ունի: 

Մերձավոր Արևելքում ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Կիրակոսը 31 տարվա դադարից հետո վերաբացվել էր 2011թ. հոկտեմբերի 22-ին, առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին էր տեղի ունեցել: Նորոգվել էր Դիարբեքիրի հայերի և Դիարբեքիրի այն ժամանակ քուրդ քաղաքապետի աջակցությամբ, որն այժմ հեռացվել է պաշտոնից. նրա փոխարեն ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է թուրք քաղաքապետ:

Լուսանկարը՝ GorisPress.am-ի

13:35 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները