ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի
14:35 19.09.2017

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի: Այս մասին տեղեկանում ենք «Շաբաթ» լրատվակայքից:

Նախարար Կարայանին այցի ընթացքում ուղեկցել և իրանական ազատ տնտեսական գոտու միավորներն է ներկայացրել «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։
 
Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ Հայաստանից, ովքեր տեղում գործարար կապեր են հաստատել իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով, որը կհամախմբի Հայաստանի և Իրանի բոլոր շահագրգիռ գործարարներին, ովքեր ցանկանում են երկու ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալել և համագործակցել։
 
Նախարարն Իրանում այցելել է նաև հայկական Սուրբ Ստեփանոս վանական համալիր։ Նախարարը նշել է, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խումբ կմեկնի Իրան՝ ԱՏԳ՝ իրանցի գործընկերների հետ քննակելու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնավորությունները:
 
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։
 
«Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է, փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։
 
Նախարարը կարևորել է արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը, նախարարի խոսքով, հնավարություն կտա լավագույնս օգտագործել երկու երկրների ներուժը։
 
Լուսանկարը՝ Shabat.am-ից
14:35 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները