ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վարչապետը մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին
15:15 19.09.2017

Վարչապետը մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է Վարչապետի խոսքն ամբողջությամբ.

«Հարգելի հայրենակիցներ,

Ողջունում եմ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: 

Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային և հաշվի առնելով անցյալի դասերը:

Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին:

Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: 

Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: 

Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ: 

Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Դարերի ընթացքում մենք մղել ենք պայքար և մեր ուժերն ենք համախմբել հիմնականում այն պահին, երբ վտանգ ենք զգացել մեր գոյությանը… Մենք հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգը, ի տարբերություն բազմաթիվ այլ ազգերի, պահպանել է իր ինքնությունը և կարողացել է մշտապես զարգանալ և արարել: Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով… Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր ինքնասիրությունը, արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր դժվարությունները անհամեմատելի են այն դժվարություններին, որի միջով անցել են մեր նախնիները: 

Արդյունքում մենք այսօր կանք, մենք ունենք մեր ԱՆԿԱԽ պետությունը: Սա գերագույն արժեք է:

Համոզված եմ, որ ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել: 

Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին: 

Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք՝ ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»:

Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար։ 

Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության: 

Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը անկախությունից ի վեր կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը:

Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա:

Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել:

Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու իր գերագույն արժեքի՝ մարդու համար:

Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։ 

Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք:

Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը»:

Շարունակությունը՝ այստեղ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:15 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները