ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Zangi-ն հատել է 1.5 մլն ակտիվ օգտատիրոջ սահմանը
14:35 20.09.2017

Zangi-ն հատել է 1.5 մլն ակտիվ օգտատիրոջ սահմանը

iOS և Android համակարգերի համար Zangi մեսենջեր հավելվածը 2017թ. հատել է 1.5 միլիոն ակտիվ օգտատիրոջ սահմանը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Վիգեն Ավանեսյանն ասել է, որ մեսենջերն իրենց հաջողության լավագույն ապացույցն է B2B հաճախորդների համար։

«Մեսենջերն ապրել է բնականոն աճ, և դեռևս գլոբալ PR առաջխաղացում չի կատարվել»,- շեշտել է Վիգեն Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Zangi մեսենջերի օգտատերերը, ովքեր աշխարհի տարբեր երկրներից են, առաջին հերթին գնահատում են այն փաստը, որ հավելվածը չի պահպանում և չի հավաքագրում օգտատերերի անձնական տվյալները որևէ սերվերների վրա։ Հաջորդ առավելություններից է այն, որ Zangi-ն աշխարհում ամենաքիչ ծախսող մեսենջերն է և այդ ցուցանիշով գերազանցում է ամենահայտնի մրցակիցներին՝ ապահելով որակյալ զանգեր նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ։ Zangi-ում նաև ներդրվել է արհեստական բանականության հիման վրա Antiblocking տեխնոլոգիան, որի շնորհիվ հավելվածն աշխատում է մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկներում (օրինակ՝ Միացյալ Արաբական Էմիրություններում)։

Zangi-ն հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ ընկերություն է։ Այն ներկայանում է նույնանուն հաղորդակցման տեխնիկական լուծումների հարթակով, որի հիման վրա հնարավոր է ստեղծել ժամանակակից կոմունիկացիա ապահովող հավելվածներ և սերվերային լուծումներ, ինչպիսին են՝ տեսազանգեր, ձայնային զանգեր, IP հեռախոսակապ, ակնթարթային հաղորդագրություններ և այլն։

«Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․-ին, իսկ 2015թ․-ից սկսած մուտք է գործել միջազգային շուկա և այժմ կոմունիկացիոն ոլորտում B2B (Business-to-Business) ուղղությամբ համարվում է աշխարհում առաջատարներից մեկը, եթե ոչ առաջատարը։ Նմանատիպ տեխնոլոգիաներ ունեցող ընկերություններ աշխարհում մի քանիսն են, եւ Zangi-ին այդ ընկերությունների շարքում է։ B2B հարթակում Zangi-ն արդեն ձեռք է բերել 20-ից ավել գործընկերներ աշխարհի 12 երկրից»,- մանրամասնում է նա։

Այս տարի Zangi-ն մասնակցել է Բարսելոնայում հեռահաղորդակցման ոլորտի աշխարհի ամենամեծ ճանաչումն ունեցող Mobile World Congress ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ն առաջինն է, որ մասնակցել է այդ միջոցառմանը՝ որպես ցուցադրող։ Այնտեղ ձեռք բերած հաջողության շնորհիվ կնքվեցին մի շարք խոշոր պայմանագրեր, որոնց հիման վրա Zangi-ն այժմ մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ինֆրաստուկտուրաների ստեղծմանը։

«Zangi-ի աշխարհում ամենաքիչ տրաֆիկ ծախսող հեռահաղորդակցման լուծումները գրավեցին այն ընկերություններին, որոնք կիրառվում են դրանք արբանյակային ցանցերում»,- մանրամասնում է ընկերության ներկայացուցիչն ու հավելում, որ ընկերությունն այս տարի ևս կմասնակցի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ցուցահանդեսների՝ մասնավորապես Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX և Capacity Europe ցուցահանդեսներին, ամփոփում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը։

Լուսանկարը՝ Zangi.com-ի

14:35 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները