ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ
19:55 22.11.2017

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոն»-ի կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 ք/մ, որն ապագայում անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել:

Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոն»-ի (Belt & Road Collaborative Innovation Center) միջև համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

19:55 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները