ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը շարունակվում է
18:55 08.12.2017

«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը շարունակվում է

Ֆրանսիայի Վիլերբան քաղաքում նոյեմբերի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկած «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը շարունակվում է:

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնում են, որ այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Դրոմ դեպարտամենտի Վալանս և Բուր լե Վալանս քաղաքներին, որտեղ անցկացվող միջոցառումներին ներկայացվում են Արցախի մշակույթը և կենցաղը:

Դեկտեմբերի սկզբին Վալանսում տեղի է ունեցել հայազգի ֆրանսիացի ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք՝ մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Տեղի է ունեցել նաև ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Տրավերի «Արցախ. երկրամասի հոգին» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կընթանա 15 օր, որի ընթացքում այցելուներին կցուցադրվի նաև Գյուլե Քեշիշյանի «Արցախը՝ 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմը: Ուշագրավ է, որ ցուցահանդես այցելությունը մտցվել է Վալանսի դպրոցական ծրագրի մեջ, ինչի շնորհիվ Վալանսի աշակերտները Արցախին ծանոթանալու հնարավորություն ունեն:

Բուր լե Վալանս քաղաքի ամանորյա տոնավաճառում նաև արցախյան տաղավար է ներկայացվել, որտեղ ցուցադրվել են Արցախի մասին տեղեկատվությամբ բրոշյուրներ, տուրիստական ուղեցույցներ, ինչպես նաև Արցախում արտադրված իրեր: Տոնավաճառի բացման առիթով իր ելույթում Բուր լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն վերահաստատել է իր աջակցությունն Արցախին՝ մասնավորապես հայտարարելով, որ «2014թ. Շուշիի և Բուր լե Վալանսի Բարեկամության մասին հռչակագրի ստորագրման պահից կանգնած է Արցախի ժողովրդի կողքին»:

Դրոմ դեպարտամենտի խորհրդի շենքում մեկնարկել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճանապարհորդություն դեպի Արցախ» գրաֆիկական նկարների 10-օրյա ցուցահանդեսը:

Լուսանկարը՝ Artsakh.TV-ի

18:55 08.12.2017

Ամենաշատ ընթերցվածները