ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը
00:25 16.12.2017

Տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը

Դեկտեմբերի 15-ին տրվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը: Աշխատանքային այցով Մեղրի էին ժամանել վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իրանական և ռուսական կողմի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք: 

Ազատ տնտեսական գոտում ներկայացված են լինելու գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։

Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է՝ ազատ տնտեսական գոտին կունենա հեռանկարային գործունեություն: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ գործադիրի ղեկավարը նշեց՝ արդյունքը գոհացուցիչ է, բայց իսկական աշխատանքը հիմա է սկսվում:

Ազատ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարի չափով ընդլայնում:

Նախարար Կարայանի խոսքով ակնկալվում է՝ առաջիկա տարիների ընթացքում 50-70 շահագործող մուտք կգործեն ազատ տնտեսական գոտի, կիրականացվեն 100-150 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ: Նախարարի տեղեկացմամբ ազատ տնտեսական գոտում ներգրավված ընկերությունները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի և ակցիզային հարկերից, իսկ ներմուծվող ապրանքները կազատվեն մաքսատուրքի վճարներից: Գործող ընկերությունները հիմնականում վճարելու են եկամտահարկ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքերով ԱՏԳ-ն լրացուցիչ ազդակ կհաղորդի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտին, իսկ դեպի Հայաստան կուղղի օտարերկյա կապիտալի ներհոսք: Արդեն ստացվել են համագործակցության առաջարկներ հարևան Վրաստանից, Ուկրաինայից: Մեղրիի ԱՏԳ-ն կհանդիսանա նաև տնտեսական կամուրջ ՀՀ-ի և հարևան Իրանի իսլամական հանրապետության միջև: 

Տեղեկացնենք, որ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։

Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Հայ հիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև: Համագործակցության հուշագիր է կնքվել նաև «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջև, ինչպես նաև «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

00:25 16.12.2017

Ամենաշատ ընթերցվածները