ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որքան արժե Ամանորը կապանյան ռեստորաններում
21:55 26.12.2017

Որքան արժե Ամանորը կապանյան ռեստորաններում

Վերջին տարիներին Հայաստանում Նոր տարին, բացի միմյանց տուն հյուր գնալու ավանդույթից, դարձել է նաև որևէ վայրում մեծ խնջույք կազմակերպելու առիթ:

Zangezur.TV-ն թեմայի շուրջ զրուցեց Կապանի մի շարք ռեստորանային համալիրների մենեջերների հետ` պարզելու, թե Ամանորի գիշերը որտեղ ինչ է սպասվում, ով է երգելու, ինչ ուտեստներ են լինելու սեղանին և ինչպիսի գնային քաղաքականություն է գործում նրանց մոտ: 

«Ֆենիքս» ռեստորանային համալիրի մենեջեր Հասմիկ Սաֆարյանը նշեց, որ ամանորյա ծրագիրը սկսվելու է ժամը 01:00-ից: Հյուրերին սպասվում են անակնկալներ և տարբեր նվերներ: Նախորդ տարվա համեմատ այս տարի գնային սանդղակը նվազել է՝ մեկ անձի մուտքավճարը կազմելով 8500 դրամ: Ռեստորանում կհնչեն Արթուր Սարգսյանի և ռեստորանի երաժշտական խմբի կատարումները:

«Դղյակ» ռեստորանային համալիրի տնօրեն Արեն Միքայելյանի խոսքով այստեղ նույնպես սպասվում են տոնական միջոցառումներ, տոնական ցանկում կլինեն համերգային ծրագիր, բազմազան և յուրահատուկ ուտեստներ, իսկ մեկ անձի մուտքը կարժենա 12,000 դրամ:

«Վանատուր» ռեստորանային համալիրում Ամանորի գիշերը ոչինչ չի նախատեսվում:

«Նախատոնական այս օրերին ծանրաբեռնված ենք աշխատում, ռեստորանային համալիրի աշխատակիցները կլինեն իրենց ընտանիքների հետ, աշխատանքները կսկսենք հունվարի 3 ից»,- մեզ հետ զրույցում նշեց ռեստորանի մենեջեր Արմեն Մայիլյանը:

Ամանորի գիշերը «Դասուգ» ռեստորանային համալիրում կարժենա 10,000 դրամ:

Ռեստորանի մենեջեր Արթուր Հովակիմյանի խոսքով այս տարվա տոնական ծրագիրը տարբերվում է. կկազմակերպվի հատուկ շոու-ծրագիր, երգելու է Կուբայից ժամանած Իվոնե Ֆերնանդեզը, կլինեն Ձմեռ պապ, Ձյունանուշ, պարային համարներ:

Հ.Գ. Որտեղ էլ լինեք Ամանորի գիշերը, կարևորը` մի պահ մոռացեք հոգսերի մասին և Նոր տարին դիմավորեք լայն ժպիտով և բարձր տրամադրությամբ. թող գալիք տարին հաջողություններ բերի բոլորին:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:55 26.12.2017

Ամենաշատ ընթերցվածները