ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Տեղի է ունեցել Սյունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստը
19:55 28.12.2017

Տեղի է ունեցել Սյունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստը

Դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի 2017թ. վերջին նիստը, որ վարում էր մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարները և այլք: 

Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ 2017թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, խոշորացված համայնքների առաջիկա խնդիրների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը:

Սեյրան Ավետիսյանի կողմից նշվեց, որ մարզի համայնքներում 2017 թվականի 3-րդ և 4-րդ  եռամսյակներում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Սիսիան, Տաթև, Տեղ, Մուծք, Շենաթաղ, Սալվարդ և Մեղրի համայնքներում: Իրավական և մասնագիտական հսկողության 2017 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն՝ 2017 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսված Արևիս, Իշխանասար, Վերին Խոտանան, Տավրուս և Քաջարան գյուղական համայնքներում հսկողություն անցկացնելու անհրաժեշտությունը վերացել է, քանի որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում այդ համայնքները վերակազմակերպվել և ընդգրկվել են խոշորացված նոր համայնքների կազմում:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվել են արձանագրություններ, դրանց մի օրինակը տրամադրվել է համայնքի ղեկավարին, իսկ ուսումնասիրությունների նյութերը տեղադրվել  են մարզպետարանի պաշտոնական կայքում:

Սեյրան Ավետիսյանի խոսքով արձանագրված թերությունները վերացնելու և շտկելու համար համայնքների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ, իսկ դրանց կատարումը վերցվել է հսկողության ներքո:

Մարզի համայնքներում բյուջեների, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների մասին զեկուցեց  մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սուսաննա Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել է 4,812,853.3 ՀՀ դրամ, այդ թվում սեփական եկամուտներ՝ 1,649,548.8 ՀՀ դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմում է 1,618,809.2 ՀՀ դրամ կամ նախատեսվածի 95.1 տոկոս:

Օրակարգի 3-րդ հարցը վերաբերում էր մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման և դաստիարակության գործընթացին, որի մասին զեկուցեց  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մերի Գանդալյանը: Նրա խոսքով առկա են կոպիտ բացթողումներ, սխալներ, որոնք արձանագրել է նաև ՀՀ Կրթության պետական տեսչությունը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացները կազմակերպվում են ոչ պատշաճ մակարդակով, առկա չէ տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցը:

Օրակարգի վերջին հարցը Սյունիքի մարզպետարանում անցկացված քաղաքաշինական ոլորտի տեսչական ստուգումների և մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին էր, որը զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ  Ավետիսյանը: Նրա խոսքով ստուգումների ընթացքում ուսումնասիրվել են համայնքի կողմից մարզպետարան ներկայացված հողհատկացման առաջարկությունների, շինարարության և քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ստուգման ժամանակահատվածում թվով 401 համայնքների կողմից մարզպետարան է ներկայացվել 80 առաջարկ, որից 38-ը վերաբերում է հողամասերի նպատակային, 22-ը՝ գործառնական նշանակության, 13-ը՝ գլխավոր հատակագծերի փոփոխման և 7-ը՝ ՃՀԱ-ների ու նախագծերի համաձայնեցումներին: 

Նիստի ավարտին մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին առաջարկել է հետևողական աշխատանքներ կատարել առկա թերությունները շտկելու, սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: 

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

19:55 28.12.2017

Ամենաշատ ընթերցվածները