ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իրանում տնային կալանքի տակ է հայտնվել նախկին նախագահ Ահմադինեջադը
13:35 08.01.2018

Իրանում տնային կալանքի տակ է հայտնվել նախկին նախագահ Ահմադինեջադը

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին այն հիմքով, որ վերջինս սատարել և նպաստել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջից Իրանի տարբեր քաղաքներում մոլեգնող ցույցերին: Այս մասին հունվարի 7-ին հայտնել է The Times of Israel թերթն արաբական Al-Quds Al-Arabi հրատարակչությանը հղումով: 

Արաբական հրատարակչության՝ Իրանում ունեցած աղբյուրների համաձայն՝ Ահմադինեջադը դեկտեմբերի վերջին այցելել է իրանական Բուշեր քաղաք: Քաղաքի բնակիչներին հանդիպելու ընթացքում նա հայտարարել է, որ այժմ իշխանության ղեկին գտնվող իրանական առաջնորդներն ականջալուր չեն շարքային քաղաքացիների հոգսերին: Դրանով հանդերձ նա մեղադրել է Հասան Ռոուհանիի կառավարությանը երկիրը ոչ արհեստավարժորեն ղեկավարելու մեջ: 

Ըստ հրատարակչության ունեցած տվյալների՝ Ահմադինեջադի հենց այդ խոսքերն էլ հիմք են հանդիսացել նրան տնային կալանքի ենթարկելու համար:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին Իրանում ծայր են առել հակակառավարական ցույցեր՝ ընդդեմ ապրանքների գների թանկացման: Այդ ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 20 մարդ: Եվս հարյուրավոր մարդիկ ձերբակալված են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության պարագայում պատրաստ է օժանդակություն տրամադրել Իրանին:

Լուսանկարը՝ Aif.ru-ի

13:35 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները