ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«2018-ին ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժ չի լինի, լայնամասշտաբ պատերազմ՝ նույնպես». Ալ. Իսկանդարյան
19:35 09.01.2018

«2018-ին ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժ չի լինի, լայնամասշտաբ պատերազմ՝ նույնպես». Ալ. Իսկանդարյան

2018 թվականի կարևորագույն իրադարձությունը երկրի քաղաքական համակարգի փոփոխությունն է լինելու: Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ այս տարի ականատեսը կլինենք լիովին խորհրդարանական կառավարմանն անցնելուն: 

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ կարևոր է համակարգը, ոչ թե անձերը, ուստի ամենևին էլ նշանակություն չունի, թե ապրիլին ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: 

«Մենք ունենալու ենք մի համակարգ, որը տարբերվում է ներկայիս համակարգից՝ չնայած հիմա էլ նույն ՀՀԿ-ն է մեծամասնություն, և որոշում ընդունողը ՀՀԿ-ն է: Լինելու է մի համակարգ, երբ մարդկանց «գնելու են», մի բան զիջելու են, որոշումները քննարկվելու են բուռն»,- ասել է քաղաքագետը, ում խոսքերը մեջբերում է Tert.am-ը: 

«Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2018-ը կարևոր տարի կլինի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, որովհետև այս ամիս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:  

«Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժ չի լինի: Ես սա կարող եմ վստահ ասել, 100 տոկոսով չէ, բայց 99 տոկոսով առաջընթաց չի գրանցվի: Պատերազմ էլ չի լինի: Պատերազմի մասին խոսակցությունները փուչիկ են: Լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Իսկ թե ի՞նչ ծավալի էսկալացիա կլինի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչ տեսքով, դժվար է ասել, դա կախված է գերտերությունների և մեր աշխատանքից, Ադրբեջանի ներքին դրությունից: Սա չի նշանակում, որ կրակոցները ընդհանրապես կդադարեն: Բացառել, որ էսկալացիա չի լինի, ես չեմ կարող»,- նշեց Ալ. Իսկանդարյանը: 

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները չեն սրացնի շփման գծում տիրող իրավիճակը, որովհետև Ադրբեջանում իշխանությունները ընտրություններով չէ, որ ընտրվում են:

Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ Ադրբեջանը սահմանային լարվածություն է սանձահարում որոշակի իրադարձությունների ժամանակ, երբ այցելում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ պետք է տեղի ունենա որևէ հանդիպում, երբ լարված է սոցիալ-տնտեսական իրավիճակը: 

«Լարվածություն կլինի, բայց բռնության չափը դժվար է ասել. դա կախված է նրանից, թե ինչքան մենք կկարողանանք զսպել»,- հավելեց նա:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ քաղաքագետն ասաց, որ ակնկալիքներ չունի: Նրա խոսքով ԼՂ հիմնահարցն այն փուլում չէ, որ ինչ-որ փոփոխություններ ակնկալվեն: Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ հանդիպման օրակարգը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չի վերաբերում, բոլոր հարցերն անվտանգության մասին են, Մինսկի խումբը վաղուց չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ, օրակարգում անվտանգության խնդիրն է:

Խոսելով Վրաստանի իշխանությունների հայտարարությունների մասին, որ դեպի Ռուսաստան արտահանումներ իրականացնելու համար ֆորս-մաժորային իրավիճակներում կարող է բացվել Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող ճանապարհը, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ այս հնարավորությանը կասկածամտորեն է վերաբերվում: Ըստ նրա՝ բացառել, որ ֆորս-մաժորային իրավիճակներում հնարավոր է օգտագործել այս ճանապարհը, չի կարելի, բայց ամեն դեպքում դա արագ տեղի չի ունենա»,- ամփոփում է լրատվակայքը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

19:35 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները