ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«24 ժամում 25,000 դոլար է հավաքվել. պահենք տեմպը և Ալբերտին ուղարկենք բուժման». Սարգսյան
13:35 15.01.2018

«24 ժամում 25,000 դոլար է հավաքվել. պահենք տեմպը և Ալբերտին ուղարկենք բուժման». Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել վիրավոր զինծառայողներից մեկի բարդ վիրահատության կազմակերպման համար՝ կոչ անելով օգնել հավաքելու վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Գրառումը թեժ քննարկումների առիթ դարձավ, մասնավորապես երբ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ վայել կերպով սկսեց պատասխանել մեկնաբանություններին և իրեն թույլ տվեց՝ «բոշան դու ես» արտահայտությունը: 

Հունվարի 14-ին արդեն Պաշտպանության նախարարը նոր գրառում կատարեց ֆեյսբուքում, որտեղ նշում է, որ անհրաժեշտ 45.000 դոլարից հավաքվել է 25.000 դոլարը՝ չհաշված զինվորի մոր բացած հաշվեհամարում եղած գումարը.

«Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը՝ 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով՝ չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարը, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45,000-ից 25,000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»,- գրել է Վիգեն Սարգսյանը: 

Օրաթերթը հիշեցնում է, որ ավելի վաղ մեկնարկած դրամահավաքն ու դրան միանալու ՀՀ ՊՆախարարի կոչը բուռն արձագանք ստացավ ու քննարկումների թիրախ դարձավ սոցցանցերում: Ամեն ամիս աշխատողներից պահվող 1000 դրամների մասին հիշատակեցին գրեթե բոլորը, բայց ավելի քննարկվող էին Վիգեն Սարգսյանի մեկնաբանությունները:

Ալբերտ Դալլաքյանը գլխից վիրավորվել է զինպարտականությունները կատարելիս: Նա 3 բարդ վիրահատություն է տարել, սպասվում է ևս մեկը՝ արտասահմանում: Ալբերտի լիարժեք ապաքինման համար կատարվելիք վիրահատությունը 45,000 դոլար արժե: Այդ գումարի հավաքման համար Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցներն արդեն իսկ սկսել էին դրամահավաք՝ մանրամասն ներկայացնելով խնդիրն ու ծախսերը:

«Դրամահավաքին կարող են մասնակցել բոլորը, ովքեր կցանկանան»,- ամփոփում է օրաթերթը:

13:35 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները