ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ՀՀ մարզերը կհամալրվեն հատուկ պատվիրված փրկարարական ամենագնացներով
19:35 15.01.2018

ՀՀ մարզերը կհամալրվեն հատուկ պատվիրված փրկարարական ամենագնացներով

Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված КАМАЗ մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց:

КАМАЗ մակնիշի ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային գոտիների, դժվարամատչելի վայրերի, ճանապարհների, ինչպես նաև անտառային հրդեհների համար: Դրանք ունեն շուրջ 800 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ: Այս մեքենաները կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր, գերհզոր լուսային աշտարակ և այլն դժվարամատչելի գոտիներում պատահարներին արձագանքելու համար: Ամենագնացների լուսային համակարգը մասնավորապես հնարավորություն կտա մեքենայի անձնակամզին աշխատել նաև գիշերային ժամերին՝ մթության պայմաններում առանց հետաձգելու հրդեհաշիջման աշխատանքները: Մեքենաները կարող են տեղափոխել 6-հոգանոց անձնակազմ:

ԱԻ Նախարարին ներկայացրեցին նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են մարդկանց համար անհասանելի վայրերում մշտադիտարկում և իրավիճակի հետազոտություն կատարելու համար: Դրանք զինված են նորագույն տեսախցիկներով, որոնք հնարավորություն են տալիս որոնողափրկարարական աշխատանքներ կատարել անտառային և լեռնային պայմաններում:

Նախարարը ծանոթացավ նաև շարժական դաշտային խոհանոցի հնարավորություններին: Այն նախատեսված է դաշտային պայմաններում 200-հոգանոց անձնակազմին ողջ օրվա ընթացքում սպասարկելու համար:

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ստացված գույքը՝ մասնավորապես ամենագնաց մեքենաները, բաշխել հանրապետության այն մարզերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը գերակա է, նա նաև հանձնարարեց ապահովել այդ մեքենաները և սարքավորումները սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ ՌԴ-ից ժամանած մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել բարձր որակավորմամբ կադրեր:

Նախարարը եղավ նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուստային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով և այլն: Կենտրոնի տեխնիկական զինումը թույլ է տալիս բարձր որակի կապ հաստատել ՀՀ ԱԻ և ՌԴ ԱԻ նախարարությունների միջև: Նշենք, որ կենտրոնի ՃԿԿ-ի տեխնիկական վերազինումը շարունակվում է:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առկա է նաև Струна-2 գերժամանակակից համակարգը, ինչպես նաև ինժեներական, սակրավորական և վթարափրկարարական ուղղվածության լսարաններ, որոնք նախատեսված են համապատասխան մասնագետների վերապատրաստման համար: Այս լսարանները կահավորված են նորագույն ուսուցողական սարքավորումներով, տեխնիկայով, համակարգիչներով, ինտերակտիվ մոնիտորներով, ականազերծման համակարգերով և այլն: Նախարարը հանձնարարեց Струна-2 համակարգի շահագործման մեկնարկը սկսել ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության մասնագետների վերապատրաստմամբ:

Տրամադրված գույքի մեծ մասը կհատկացվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային և քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-18թթ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

19:35 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները