ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հուսանք՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կգործի գարնանից». Պյոտր Սվիտալսկի
17:55 17.01.2018

«Հուսանք՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կգործի գարնանից». Պյոտր Սվիտալսկի

Հայաստանի և Եվրոպական միության միջև նախորդ տարի նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ կետեր կարող են գործել մինչև ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացվելը: Նման տեսակետ այսօր՝ հունվարի 17-ին, «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում խոսքերը փոխանցում է «Ժողովուրդ»-ը:

Հարցին, թե ի՞նչ կանխատեսում ունի դեսպանը Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման վերաբերյալ, Սվիտալսկին պատասխանել է.«Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն լավ սկսեց և փաստորեն նախորդ նախագահությունն առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը շատ հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին: Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Հիմնականում կախված է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից: Դրանք երբեմն պարզ են, երբեմն բավականին բարդ են: Օրինակ՝ դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է բավականին մանրամասն գործընթացային ծանր աշխատանք, բայց մենք լավատես ենք, և ԵՄ-ի տեսակետից ասեմ, որ ամենակարևորն այստեղ այն է, որ համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի: Հուսանք՝ այս տարի գարնանից կարող է իրականացվել: Սա պահանջում է Հայաստանի կողմից վավերացում»:

Դեսպանը նշել է, որ համաձայնագրի տեքստում մի գործընթաց կա, որը սկսելու է գործել ինքնաշխատ ձևով:

«Իհարկե ամբողջ համաձայնագրի շատ-շատ մասեր չի լինի ավարտել առանց ամբողջական վավերացումն ավարտելու: Դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց բոլոր ազդանշաններից, որոնք ձեզ համար ակնհայտ են, որոնք երբեք չեն թաքցվել Հայաստանի կառավարության կողմից, կարող եմ ասել, որ մենք միանգամայն հիմքեր ունենք լավատես լինելու համար կապված համաձայնագրի հիմնական կետերի իրականացման ժամանակաշրջանի հետ»,- ընդգծել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

«Այսօր լրագրողների հետ հանդիպման հիմնական նպատակը Եվրամիության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնում էր: Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Ցոցորկովան նշեց, որ ԵՄ-ին անդամակցելուց հետո առաջին անգամ Բուլղարիան ընդունեց Եվրոպական խորհրդում նախագահությունը, որը երկրի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է, ինչպես նաև շատ հզոր մարտահրավեր:

«Մեր նախագահության երեք հիմնաքարերը կայունությունը, անվտանգությունը և միասնականությունն են: Մենք ծրագրում ենք հասնել այս նպատակներին՝ իրականացնելով երեք հիմնական սկզբունք: Դրանք են՝ կոնսենսուսը, մրցակցանությունը և ամբողջականությունը: Այս երեք սկզբունքները փոխադարձաբար սնուցում և սատարում են միմյանց, մեկին հասնել առանց մյուսների անհնար է»,- ասաց Մարիա Ցոցորկովայը:

Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Սերժ Սարգսյանի և Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Լուսանկարը՝ Mediamax.am-ի

17:55 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները