ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ստեղծվելու է համահայկական թվային գրադարան». Ազգային գրադարանի տնօրեն
18:15 17.01.2018

«Ստեղծվելու է համահայկական թվային գրադարան». Ազգային գրադարանի տնօրեն

2018թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ստեղծելու աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, փոխանցում է Tert.am-ը:

Նրա տեղեկացմամբ մինչ այս էլ թվայնացման գործընթաց գնում էր, բայց 2018թ. և հետագա մի քանի տարիներին աշխատանքները ավելի մեծ թափով կիրականացվեն:

«Գրքերի, մամուլի թվայնացումը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում: Գիտեք՝ մենք ունենք տպագիր գրքեր սփռված աշխարհով մեկ, բայց չունենք մեզ մոտ, և դրանք գտնելով և թվայնացնելով, թվային պատճեները մեզ մոտ պահելով, դրանք հասանելի ենք դարձնում ընթերցողներին, օգտվողներին, հետազոտողներին»,- հայտնել է Տիգրան Զարգարյանը:

Հայաստանի ազգային գրադարանը պետության և բարերարների կողմից լրացուցիչ ստացել է 6 թվայնացման սարքեր, և տնօրենի խոսքով զանգվածային թվայնացման գործընթացի աշխատանքներն արդեն սկսել ենք:

«Մենք ունենք ակտիվ գաղթօջախներ, որտեղ լավ գրադարանավարներ ունենք: Մենք պատրաստ ենք իրենց թվայնացման սարքեր տրամադրել: Ենթադրենք Պոլսի, Երուսաղեմի պատրիարքարաններին, Վենետիկի Մխիթարյան միաբանությանը թվայնացման սարքեր կտանք, որպեսզի իրենք մեզ մոտ բացակա նյութերը թվայնացնեն, ուղարկեն մեզ: Մենք տեղում այդ նյութերը կմշակենք, և համացանցում տեղադրելով հասանելի կդարձնենք բոլորին»,- ասել է նա:

Ամփոփելով Ազգային գրադարանի 2017թ. գործունեությունը՝ Տիգրան Զարգարյանը նշել է, որ ընթերցողների աճ է գրանցվել: Ընդհանուր Ազգային գրադարանում գրանցված է 31,785 ընթերցող, իսկ միայն 2017թ. գրանցվել է 3367-ը, որից 2357-ը ուսանողներ են և 1010-ը՝ գիտական ընթերցասրահի ընթերցողներ:

«Նախորդ տարվա ընթացքում ունեցել ենք 247,828 հաճախում: Այսինքն՝ կարդում ենք, գիրքը դեռ իր հետաքրքրությունը չի կորցրել: Հատկապես երիտասարդներն են շատ գալիս»,- ասել է նա:

2017թ. ըստ նրա՝ շատ ծանրաբեռնած էր և բովանդակալից տարի էր գրադարանի համար: Ամենածանր իրադարձությունը ազգային գրապալատի միացումն էր Հայաստանի ազգային գրադարանին: Բոլոր հավաքածուները տեղափոխվեցին Ազգային գրադարան և գրապալատի աշխատակիցները տեղափոխվեցին գրադարանի ենթակայության տակ:

Տիգրան Զարգարյանի խոսքով նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էր նաև Գրատպության թանգարանի բացումը: Բացի դրանից, 2017թ. ընթացքում շարունակվել են մատենագիտական աշխատանքները, ցանկերի կազմումը և այլն:

Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին՝ Ազգային գրադարանի տնօրենը առանձնացրել է համայնքային գրադարանների հարցը:

«Դրանք լուրջ աջակցության կարիք ունեն, պետք է համայնքապետերին հասու դարձնենք, որ գրադարանն ազգային արժեք է, մշակութային կենտրոն է և դրանց ավելի սրտացավ պետք է վերաբերվել: Հիմա շարունակում ենք համայնքային գրադարանների վերազինումը: 2017թ. Մարալիկի և Ամասիայի համայնքային գրադարանները շահեցին դրամաշնորհը և Ազգային գրադարանի կողմից կստանան գրադարանային կահույք, գրականություն, համակարգչային տեխնիկա և անվճար ինտերնետ կապ»,- ասել է Տիգրան Զարգարյանը:

Լուսանկարը՝ Pages.am-ի

18:15 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները