ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ
13:35 18.01.2018

Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունն այսօր՝ հունվարի 18-ին, տեղադրել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:

Հրապարակված որոշման նախագծով, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, մասնավորապես սահմանվում է.

«ՀՀ Կրթության և գիտության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ստեղծի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատելու է դրա կազմն ու աշխատակարգը:

Հանձնաժողովի կազմը լինելու է ոչ պակաս, քան 11 անդամ՝ այդ կազմում ներառելով ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ Պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների: Հանձնաժողովի դրական եզրակացության և դրանց վերաբերյալ ստացված դիմումների ու կից փաստաթղթերի հիման վրա պետք է մշակվի Կառավարության որոշման նախագիծ: Այսինքն՝ առանձին անձանց տարկետման իրավունքի տրամադրման կամ մերժման մասին վերջնական որոշումը կայացնելու է Կառավարությունը:

Հրապարակված նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ Կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտում քաղաքացու ձեռքբերումների համար հիմք են համարվում տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, ՀՀ Նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ), բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը: Բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է հանձնաժողովի աշխատակարգում»:

13:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները