ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին
16:35 18.01.2018

Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը կուտակված գույքահարկի, հողի հարկի ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրի վերաբերյալ էր: 

«Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում, ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է 1-ամյսա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։ 

«Մենք պետք է մեկ անգամ հիմնավորապես այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական, գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները 

Գործադիրը հավանություն է տվել «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը: Օրենսդրական փաթեթի նպատակն է կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

Այլ մանրամասները՝ այստեղ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները