ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքային համաձայնության են եկել Կրակովում
13:55 19.01.2018

Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքային համաձայնության են եկել Կրակովում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, ինչը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հունվարի 17-ին և 18-ին հանդիպում են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հունվարի 18-ին նրանք անցկացրել են համատեղ հանդիպում երկու նախարարների հետ: 

«Նախարարներն ու համանախագահները քննարկել են քայլեր նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, որոնք միտված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԳ նախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածության հետ։ 

Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները մտքեր են փոխանակել զգայուն հարցերի շուրջ, որոնք ներառված են աշխատանքային առաջարկություններում և որոնք ներկայումս բանակցային սեղանին են: Համանախագահները նաև կոչ են արել ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության ամրապնդման համար, որը կարևոր ներդրում կունենա բանակցային գործընթացում: Նախարարներն ու համանախագահներն ընդունել են համեմատաբար անդորրը շփման գծում, համանախագահները կողմ են եղել ամրապնդել այդ դրական միտումին:

Համանախագահները ծրագրում են փետրվարի սկզբին այցելել տարածաշրջան»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրակովում հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերն անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Այնուհետև Էլմար Մամեդյարովը, Կրակովում Էդվարդ Նալբանդյանի հետ գրեթե վեց ժամ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին՝ քննարկման թեմաների հետ կապված, ասել էր.«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին մի շարք կրեատիվ գաղափարներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»: Այս մասին հայտնում  են ադրբեջանական լրատվական կայքերը:

13:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները