ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սպորտում նվաճումներ ունեցողները տարկետման իրավունք կստանան
20:15 19.01.2018

Սպորտում նվաճումներ ունեցողները տարկետման իրավունք կստանան

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նախագծով սահմանված պայմաններով տարկետում կարող են ստանալ օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները:

Տարկետում կարող է տրվել նաև այն մարզիկներին, որոնք առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ են ձեռք բերել:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները նույնպես տարկետման իրավունքից կարող են օգտվել:

Տարկետման իրավունք ունեն նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ մարզիկները, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ:

Նախագծով սահմանված պայմանները բավարարելու դեպքում քաղաքացուն ՀՀ Կառավարության որոշմամբ տարկետում կտրվի չորս տարի ժամկետով:

20:15 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները