ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանն ու Արցախն ընդլայնում և խորացնում են կապերը ֆինանսների կառավարման ոլորտում
18:15 12.02.2018

Հայաստանն ու Արցախն ընդլայնում և խորացնում են կապերը ֆինանսների կառավարման ոլորտում

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 12-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ֆինանսների նախարարության պատվիրակությանը նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Արցախի Հանրապետության Ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

«Երկու կառույցների միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի: Հուսով եմ՝ այս այցն ավելի կընդլայնի ու կխորացնի մեր հետագա համագործակցությունը»,- նշել է նախարար Վարդան Արամյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցերին և այս ուղղությամբ աջակցությանը, որը կարող է տրամադրել ՀՀ Ֆինանսների նախարարությունը: Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միասնական հարթակի ապահովման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ Ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները:

«Այս ոլորտում անելիքներն անսահման են, հատկապես որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը անընդհատ բարեփոխումներ է իրականացնում բոլոր ուղղություններով: Մենք էլ փորձում ենք քայլ առաջ այդ ամենը ներդնել Արցախում»,- նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ Ֆինանսների նախարարության Մամուլի ծառայություն

18:15 12.02.2018

Ամենաշատ ընթերցվածները