ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը հեղինակել է առաջին գոլն «Արսենալ»-ի կազմում
14:15 09.03.2018

Մխիթարյանը հեղինակել է առաջին գոլն «Արսենալ»-ի կազմում

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալ»-ը հաղթեց «Միլան»-ին: Մարտի 8-ին Միլանում՝ «Սան Սիրո» մարզադաշտում, լոնդոնցիները մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:0 հաշվով: Այդ հաղթանակում մեծ ներդրում ունեցավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հաշվի առնելով «Արսենալ»-ի վերջին սայթաքումները, թիմի ներսում առկա լարված մթնոլորտը և «Միլան»-ի հաջող հանդիպումները՝ շատ մասնագետներ ոչ միայն այս խաղի, այլև դիմակայության ֆավորիտ էին համարում «ռոսոներիներին»: Հենց նրանք էլ հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին, սակայն հաջողության հասան հյուրերը: 15-րդ րոպեին տպավորիչ գոլով «զինագործներին» հաշվի մեջ առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Առաջին խաղակեսում դրվագներից մեկում նա կարող էր նաև դուբլ ձևակերպել, սակայն հարվածը չի ստացվել: «Արսենալ»-ի առավելությունը կրկնապատկել է Աարոն Ռեմսին: Նա իր թիմի 2-րդ գոլը խփել է խաղակեսի վերջում:

2-րդ կեսում նոր գոլեր չարձանագրվեցին: «Արսենալ»-ը հաղթեց 2:0 հաշվով՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու լուրջ հայտ ներկայացնելով: Այս թիմերի պատասխան հանդիպումը Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա մարտի 16-ին:

Զուգահեռաբար նշենք, որ Մխիթարյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է ինչպես խաղի լավագույն ֆուտբոլիստ, այնպես էլ թիմի՝ փետրվար ամսվա լավագույն խաղացող։

Ինչպես հայտնում է ակումբի կայքը՝ լավագույն խաղացողը որոշվել էր օնլայն-քվեարկության արդյունքում։

Մխիթարյանը ստացել էր ձայների մոտ ¾-ը, երկրորդ ու երրորդ տեղերում Նաչո Մոնրեալն ու Աարոն Ռեմսին են։

Լուսանկարը՝ Ua-Football.com-ի 
14:15 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները