ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արամ MP3-ն կնկարահանվի նոր ֆիլմում
14:15 10.03.2018

Արամ MP3-ն կնկարահանվի նոր ֆիլմում

Դերասան, երգիչ Արամ MP3-ն շուտով կնկարահանվի նոր ֆիլմում: Այս մասին նա ասել է armtimes.com-ի հետ զրույցում: Կատակերգություն է, ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է: Այլ մանրամասներ Արամը չի հայտնում, որովհետև չի համաձայնեցրել ստեղծագործական անձնակազմի հետ: Ներկայացնում է միայն աշխատանքների մոտավոր ժամկետները:

«Ֆիլմի առաջարկ կա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի կողմից: Նկարահանվելու է հունիս ամսին: Պրեմիերան երևի թե կլինի եկող տարի գարնանը: Տղաներն ԱՄՆ-ից գալու են ապրիլի կեսին, և սկսենք նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա:

Արամ MP3-ն պատրաստվում է նաև մայիսին Ռուսաստանում կայանալիք համերգային շրջագայություններին: Ընթացքի մեջ են նոր երգի աշխատանքները. երաժշտությունն արդեն կա: Այս շրջանում, սակայն, հիմնականում կենտրոնացած է Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի վրա: Օրերս «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդումը պարգևատրվել է հատուկ մրցանակով, ինչն անձնակազմին մղում է ավելի մեծ եռանդով կատարել գործը:

«Մրցանակը շատ պարտավորեցնող է և ոգևորիչ բոլորիս համար: Շատ ուրախ ենք, հաճելի է, որ դիտում են: Նախագահն ինքն էլ ասաց, որ դիտում է: Բնականաբար դա պարտավորեցնող է: Հանգստանալու ժամանակ չունենք, պետք է առավելագույնն անենք, որ ամեն ինչ լավ լինի»,- ասել է նա:

Ըստ Արամի՝ մարդիկ նշել են, որ նախագիծն արժանի է մրցանակի: Նրա խոսքով «Լավ երեկո»-ն սիրված է, որովհետև իրենք կարողացել են միջազգային ձևաչափը հարմարեցնել հայկական մտածելակերպին:

«Ինձ թվում է՝ մենք կարողացանք ադապտացնել հաղորդումը և դարձնել մեր հասարակությանը, մեր հանդիսատեսի համար ավելի հասկանալի և ավելի մոտ մեր մտածելակերպին: Նույնը արվել է նաև Ռուսաստանում, տարբեր այլ երկրներում: Կա որոշակի շաբլոն, որի վրա հիմնվելով ամեն երկրում ստեղծում են իրենց յուրօրինակը, որովհետև նույն ստանդարտով ուղղակի հետաքրքիր չէր լինի: Մենք ներկայացնում ենք հայկական կոլորիտով հումոր, չկա տարիքային ցենզ, ամեն շաբաթ եթեր է գնում, մենք էլ ձեռքներս պահում ենք զարկերակին, հետևում ենք նորություններին, ու թեմաներն արդիական են»,- ասել է նա:

«Լավ երեկո»-ն ընդհանուր առմամբ հետաքրքրություն է վայելում հեռուստադիտողի շրջանում: Սակայն առաջին եթերաշրջանի թողարկումներից մի քանիսը հատկապես մեծ արձագանք են ստացել:

«Որպես հյուր ամենամեծ արձագանքը ստացածը բնականաբար գեներալ Սեյրան Սարոյանի հաղորդումն էր: Նաև Գարիկի հետ սկետչեր ունեինք, դրանք նույնպես շատ էին սիրվել»,- նշել է Արամը:

Երկրորդ եթերաշրջանի աշխատանքներն արդեն սկսվել են: Գարիկ Պապոյանը, ով վերջերս վիրահատվել էր, մասնակցում է նկարահանումներին: Առաջին թողարկումը նկարահանվել է այս շաբաթ: Ներկայացվել է մարտի 9-ին: Տոնական թողարկում է եղել՝ նվիրված մարտի 8-ին: Արամը նշում է, որ նոր եթերաշրջանում լինելու են նաև նոր խորագրեր: Դրանց մի մասը եթերում կլինի ամիսը 1-2 անգամ: Կշատացնեն, եթե լսարանը հավանի:

Լուսանկարը՝ Mamul.am-ի 
14:15 10.03.2018

Ամենաշատ ընթերցվածները