ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

7 մարզերի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կեսից էլ պակաս է՝ 44,91 տոկոս
13:15 12.03.2018

7 մարզերի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կեսից էլ պակաս է՝ 44,91 տոկոս

Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվեցին ՀՀ 6 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի թվով 19 համայնքներում, ինչպես նաև ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: 

Մարտի 11-ի ժամը 20:00-ի դրությամբ, փակելով ընտրատեղամասերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը հրապարակել է ընտրություններին մասնակցության ցուցանիշներն ու ակտիվությունը թվային տվյալներով:

Ըստ այդմ՝ նախնական տվյալներով մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող՝ 22,816-ից:

Ամենաակտիվ մասնակցությունը եղել է Լոռու մարզի Դեբետ համայնքում. այնտեղ համայնքի ղեկավար էին ընտրում: Գրանցված 655 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 74 տոկոսը՝ 487 մարդ:

Իսկ ամենապասիվ ընրողները Դաշտ և Ծաղկալանջ համայնքներում են եղել: Այստեղ ընտրողները համապատասխանաբար 28,57 և 28,62 տոկոս են կազմել:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցրել է, որ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ն առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` «Ծառուկյան դաշինք» կուսակցության կողմից:

Համայնքի ղեկավար էին ընտրում Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա և Սիս, Արմավիրի մարզի գյուղ Մեծամորում, Լոռու մարզի Դեբետ և Լեռնավան համայնքներում:

Ավագանու ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս և Սիփանիկ, Արմավիրի մարզի Դաշտ, Լոռու մարզի Դարպաս և Լեռնավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում:

Լուսանկարը՝ Kentron.am-ի 
13:15 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները