ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահին
14:15 13.03.2018

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահին

Լիբանանի նախագահի նստավայրում մարտի 12-ին տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում.«Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը՝ մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, և այն պետք է հնարավորինս իրացնել»,- ասել է ՀՀ Վարչապետը: 

Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առևտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին:

ՀՀ Վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի և Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի և այն առաջիկա տարիներին պահպանվելու է: 

Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ-լիբանանյան հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե՛ Լիբանանում, թե՛ Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին: 

Երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

14:15 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները