ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

2017-ին Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարողն Իսրայելն է
14:35 13.03.2018

2017-ին Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարողն Իսրայելն է

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2017թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, որը փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն: Համաձայն զեկույցի՝ նախորդ տարում Ադրբեջանը ներկրել է 279 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն Իսրայելն է՝ 137 մլն դոլարի: Երկրորդ խոշոր մատակարարը Ռուսաստանն է՝ 128 մլն դոլարի:

Զենքի ներկրումը Ռուսաստանից

SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017թ. Ռուսաստանից ներկրել է.

  • TOS-1 ծանր հրանետ (36 միավոր պատվիրվել է 2011-ին, որից 36 ստացվել է 2013-2017թթ.);
  • BTR-82A IFV (70 միավոր պատվ. է 2016թ., որից 40 միավոր ստաց. է 2017թ.);
  • 9M123/AT-15 հակատանկային հրթիռ «Քրիզանտեմա-Ս» համակարգերի համար (2017թ. պատվիրել և ստացել է 800 միավոր);
  • 9P157-2 «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիր (2017թ. պատվիրել և ստացել է 24 միավոր):

Նշվածներից Ադրբեջանի ՊՆ-ն 2017թ. ընթացքում հայտնել է ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «Քրիզանտեմա-Ս» համակարգեր ստանալու մասին: Սակայն «ՏՕՍ-1Ա» համակարգերի նոր խմբաքանակը ստանալու մասին ադրբեջանական կողմը չի հայտնել: Փոխարենը 2017թ. Ադրբեջանում ցուցադրել է ՌԴ-ից ստացած «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետների հրթիռներ, որոնք SIPRI-ի բազայում ընդգրկված չեն:

Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների՝ Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել և ստացել է 24 միավոր ՏՕՍ-1Ա ծանր հրանետ:

Զենքի ներկրումն Իսրայելից

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը 2017թ. Իսրայելից ներկրել է 137 մլն դոլարի սպառազինություն, այդ թվում.

  • OPV-62 տեսակի պարեկանավեր (4 միավոր մատակարարվել է 2015-17թթ.);
  • Spike հակատանկային հրթիռային համալիրներ նավերի համար (215 միավոր մատակարարվել է 2014-17թթ.);
  • Orbiter-1K անօդաչու թռչող սարքեր, ներառյալ՝ Ադրբեջանում հավաքվող «Զարբա» անվամբ տարբերակները (40 միավոր մատակարարվել է 2016-17թթ.):

Orbiter 1K մատակարարումների վերաբերյալ տվյալներին պետք է որոշակի վերապահումով մոտենալ: 2017թ. օգոստոսից սկսած՝ իսրայալելական կողմը արգելանք է սահմանել Ադրբեջանին այս համակարգերի մատակարարման պայմանագրի հետագա իրանականցման վրա:

Զենքի ներկրումները Չեխիայից և Սլովակիայից

SIPRI-ի տվյալներով Ադրբեջանը 2017թ. Չեխիայից ներկրել է 3 մլն դոլարի, իսկ Սլովակիայից՝ 12 մլն դոլարի սպառազինություն: Ըստ որում՝ Չեխիայից ադրբեջանական կողմը ներկրել է 10 միավոր 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ Սլովակիայից՝ 18 միավոր 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանայաին համակարգ:

RM-70-նների դեպքում համակարգերը նախ ուղարկվել են Իսրայել, այնուհետև այդտեղից Ադրբեջան: ԻՀՀ-ների դեպքում SIPRI-ն նշում է, որ դրանք ևս երրորդ պետության միջոցով են մատակարարվել Ադրբեջանին, սակայն պետությունն «անհայտ» է:

Լրատվակայքը հիշեցնում է, որ այս համակարգերը Ադրբեջանում ցուցադրվեցին 2017թ. սեպտեմբերի զորավարժության ընթացքում: Մինչ օրս վերջնականապես չի պարզվել, թե որ երկրներն են դրանք Ադրբեջանին մատակարարել: Չեխական կողմը հայտնում է, որ իրենք կապ չունեն: 

Այսպիսով՝ ըստ SIPRI-ի զեկույցի՝ Ադրբեջանը 2017թ. Իսրայելից, Ռուսաստանից, Սլովակիայից և Չեխիայից գնել է ընդհանուր առմամբ 279 մլն դոլարի սպառազինություն:

Լրատվակայքը հավելում է, որ այս կառույցը պարբերաբար վերահաշվարկներ է անում: Եթե 2017թ. հրապարակված զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանը 2016թ. ներկրել է 257 մլն դոլարի սպառազինություն, ապա այս զեկույցում արդեն նշվում է, որ Բաքուն 2016թ. ներկրել է 272 մլն դոլարի զենք:

Լրատվակայքը հավելում է, որ 2017թ. մատակարարների ցուցակում 2016թ. համեմատությամբ բացակայում է Թուրքիան:

14:35 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները