ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Թովմասյանի՝ մինչև 65 տարեկանում ՍԴ նախագահ լինելը հակասում է Սահմանադրությանը». Զեյնալյան
18:55 13.03.2018

«Թովմասյանի՝ մինչև 65 տարեկանում ՍԴ նախագահ լինելը հակասում է Սահմանադրությանը». Զեյնալյան

«Հայկական ժամանակ»-ը գրում է.«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանին: ՍԴ նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա ԱԺ քառօրյա նիստում, որը սկսվելու է մարտի 20-ից: Պարզվում է, որ այս ընտրություններում հետաքրքիր ենթատեքստ կա, որն առաջին հայացքից աչքի չի ընկնում: Բան այն է, որ 2005 թվականի Սահմանադրությամբ ՍԴ նախագահը կարող է ընտրվել ԱԺ-ի կողմից և պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, իսկ 2015-ի փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ անդամների կողմից և կարող է պաշտոնավարել 6 տարի ժամկետով: Հիմա ստացվել է այնպես, որ այս կարգը ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից, սակայն ՍԴ նախագահն ընտրվում է նախկին Սահմանադրությամբ: Պարզ է, որ սա միանշանակ հաշվարկված էր Թովմասյանի կողմից մինչև Սահմանադրությունը գրելը:

Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ նախկին նախագահը, որը հիմա զբաղեցնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, ՍԴ նախագահի պաշտոնից պետք է հեռանար մարտի 23-ին, քանի որ նրա 70-ամյակը լրանում է այդ օրը: Այս դեպքում էլ հնարավոր չէր լինի նոր Սահմանադրությամբ ՍԴ նախագահ ընտրել, քանի որ մինչեւ ապրիլի 9-ը ժամանակ կար, թեեւ օրենքն ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կատարվում է նախկինի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ստացվում է, որ Հրայր Թովմասյանը նոր Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար կարելու ընթացքում «ձեռքի հետ էլ» իր չափսերն է վերցրել ու մի կոստյում էլ իր համար է կարել:

Արդյո՞ք ժողովրդավար է նոր Սահմանադրության առկայության դեպքում ՍԴ նախագահ ընտրել հին Սահմանադրությամբ, երբ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվեց 2015-ին ընդունված Սահմանադրությամբ: ԱԺ-ում լրագրողների այս հարցին պատասխանելով՝ ԵԼՔ-ի պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանն ասաց.

«Այս հնարքով, այս տեղադրված բանալիով արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, ՍԴ նախագահի պաշտոնում իրականացվի քաղաքական մեծամասնության կամքը՝ քաղաքականացվի ՍԴ-ն: ՍԴ նոր օրենքով հանված է Սահմանադրական դատարանի որոշումների անփոփոխելիության արգելքը: Սա արվել է, որ չեզոքացվեն ժողովրդավարական այն էլեմենտները, որոնք կային այս Սահմանադրության մեջ»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանը նշեց, որ այս քայլը հակասում է Սահմանադրությանը, եթե որեւէ մեկը պաշտոնավարի 65 տարեկանում»,- ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

18:55 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները