ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱՆ-ն քաղցկեղի դեմ պայքարի հայեցակարգ կմշակի
15:55 15.03.2018

ԱՆ-ն քաղցկեղի դեմ պայքարի հայեցակարգ կմշակի

Վերջին օրերին Հայաստանում դարձյալ սկսել է ակտիվորեն շրջանառվել ու տագնապ առաջացնել World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականի 2016 թվականի հրապարակումը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով մեր երկիրը զբաղեցնում է առաջին տեղը 172 երկրների շարքում:

Կայքը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականի տվյալներին, նշում է, որ Հայաստանում 100,000 բնակչի հաշվով քաղցկեղից մահվան դեպքերը կազմել են շուրջ 230: Երկրների ցանկը եզրափակում են Նիգերիան և Գաբոնը՝ համապատասխանաբար 53 և 51 դեպքերով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է.

«ՀՀ Առողջապահության նախարարություն ուղարկված հարցմամբ խնդրել էինք մեկնաբանել ներկայացաված պատկերը ու նաև պարզաբանել Առողջապահության նախարարության դիրքորոշումը, թե Հայաստանում չարորակ նորագոյացությունների տարածմանը որքանով է նպաստում հանքարդյունաբերությունը, և եթե դա համարվում է դեպքերի ավելացմանը նպաստող հանգամանք, ապա արդյո՞ք մտադրություն կա համապատասխան ահազանգ հնչեցնելու և կոչ անելու, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ բնակչության առողջությունը չվտանգելու ուղղությամբ:

Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի քանակով Լոռու մարզը տարիներ շարունակ համարվում է առաջատար: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը դրված է ամուր հիմքերի վրա: Բնակչության առողջության համար պատասխանատու գերատեսչությունը, սակայն, երկրի ընդերքի այս բզկտումը չի որակել մահաբեր ու առաջ քաշել տարածքի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության խնդիր:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է չարորակ նորագոյացությունների հիվանդացության և մահացության աճի միտում: Հաշվի առնելով հիվանդացության և մահացության ցուցանիշների տարեց տարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այն ձեռք է բերում պետական նշանակություն: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ մահացության, հիվանդացության և հաշմանդամության բարձր մակարդակների համար չարորակ նորագոյացությունների մահվան արտաքին պատճառները, զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի և վնասակար վարքագծային սովորությունների հետ»,- նշվում է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխան գրության մեջ:

Զուլոյանը նաև տեղեկացրել է, որ Նախարարի  հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի հայեցակարգի մշակման նպատակով:

Անդրադառնալով World Life Expectancy կայքի հրապարակած տվյալներին, ըստ որի՝ Հայաստանում յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում է մոտ 230 մարդ, նշենք, որ մեր երկրի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նույն 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 190 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով, ամփոփում է օրաթերթը:

15:55 15.03.2018

Ամենաշատ ընթերցվածները