ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Աֆրինում Թուրքիայի գործողություններն ավարտվում են». Էրդողան
16:55 15.03.2018

«Աֆրինում Թուրքիայի գործողություններն ավարտվում են». Էրդողան

Երեկ՝ մարտի 14-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահական նստավայրում տեղի ունեցած Գյուղապետերի 46-րդ համաժողովում հայտարարել է, որ մինչև երեկո երկրի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում իրենց վերահսկողության տակ կվերցնեն Աֆրին շրջանի համանուն քաղաքը։

«Ցանկացա տեսնել վերջին տվյալները, թե  որքան ահաբեկիչ է սպանվել Աֆրինում, պարզվեց՝ վնասազերծվել է 3,444 ահաբեկիչ: Մենք մի քիչ էլ մոտեցանք Աֆրինին: Հույս ունեմ՝ մինչև երեկո Աֆրինն ամբողջությամբ կընկնի»,- ասել է Էրդողանը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Սա նշանակում է՝ Թուրքիայի նախագահն անուղղակի հայտարարում է իրենց հաղթանակի մասին, քրդական գյուղերը ոչնչացնելով, հարյուրավոր խաղաղ բնակիչների կյանքերի գնով նրանք գրավեցին Աֆրինը: Հավանաբար այսօր կհայտարարվի Աֆրինի վերջանական անկման մասին:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք կանգ չեն առնի և քուրդ զինյալների դեմ գործողությունը կշարունակվի սիրիական Մանբիջում, Եփրատ գետի արևելյան ափում և Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում է քրդերի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Նրա խոսքերով քրդական ուժերի դեմ գործողությունները կշարունակվեն մինչև թուրք-իրաքյան սահման։

ԱՄՆ-ի հետ Թուրքիան պայմանավորվածություն ունի՝ Մանբիջի գրավման հարցում գործել միասին: Այդ մասին հայտարարել էր թուրքական կողմը՝ նշելով, որ Մանբիջը ևս ահաբեկչական խմբավորումների բռնատիրության տակ է: 

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ հունվարի 20-21-ին ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30 կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Օրաթերթը հավելում է նաև, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ։

Լուսանկարը՝ Reuters-ի

16:55 15.03.2018

Ամենաշատ ընթերցվածները